Վերականգնվում է Հին Գորիսի պատմական միջուկը, այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն՝ կից ներկայացնելով կառավարության պատրաստած տեսանյութն այդ մասին:
Նշվում է, որ ներկայումս իրականցում են մեծածավալ աշխատանքներ` վերականգնելու Հին Գորիսի պատմական միջուկը:
Ծրագրի շրջանակներում իրականացվելու են հետևյալ աշխատանքները՝
- Գորիս քաղաքի կենտրոնական մասի պատմամշակութային միջավայրի վերականգնում Գուսան Աշոտ, Կոմիտաս, Մակիչի, Օրբելյանների Մաշտոցի, Անկախության, Տաթևացու փողոցներում` ներառելով մայթերի և երթևեկելի հատվածների բարեկարգման, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի բարելավման աշխատանքներ:
- Նշված փողոցներում արտաքին լուսավորության համակարգերի բարելավում, Գորիսի քաղաքի հին և նոր հատվածների միջև հետիոտնային և հեծանվային երթուղու ձևավորում։
- Գորիս քաղաքի կենտրոնական մասի 1918-1920 թթ. կառուցված թվով 38 պատմական շենքերի և բնակելի տների տանիքների, պատշգամբների և ճակատների վերականգնում և վերանորոգում:
- Գորիս քաղաքի միջով հոսող Վարարակն գետի աջափնյա և ձախափնյա հատվածների մաքրում, գետի հենապատերի ամրակայում, բարեկարգված հատվածներում ճեմուղու կառուցում։
Ընթացիկ ուսումնասիրության փուլում են Հին Գորիս քարանձավային քաղաքի զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման և արդիականացման աշխատանքները:
«Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի և պետության համաֆինանսավորմամբ։