Ես որոշեցի միանալ այս նախաձեռնությանը, քանի որ ինձ, մեղմ ասած, զայրացրեց մեր իշխանությունների արձագանքը, որտեղ ես լսեցի հետևյալ հայտարարությունը, թե՝ «ո՞ւր ա ընդեղ մշակութային արժեք, ընդեղ սարայներ են»: Ես այդ արտահայտությունը լսել եմ դեռևս Հյուսիսային պողոտայից սկսած, երբ սկսվել էր շահարկվել գերակա շահը, և ամեն ինչ ներկայացնում էին որպես սարայներ: Այս մասին այսօր՝ Ֆիրդուս թաղամասի պաշտպանության նախաձեռնող խմբի ասուլիսի ժամանակ ասաց «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը: Վերջինս իր խոսքում նշեց․
«Ես հասկացա, որ մենք գնահատման լրջագույն խնդիր ունենք։ Ուզում եմ հասկանալ, թե ինչու ներկայիս իշխանությունը չի արձագանքում և ինչի հետ համեմատելով են համարում, որ Երևանի մոտավորապես 100-150 տարվա պատմություն ունեցող շինությունները սարայներ են: Եթե դուրսպրծուկ օլիգարխների տների հետ են համեմատում, այո՛, սրանք սարայներ են, որովհետև այս տները չունեն ոսկեզօծ զուգարաններ, ոսկեզօծ դռների բռնակներ։ Սա մեր մշակույթն է, մեր պատմության մի մասն է, և մենք չենք կարող թույլ տալ, որ Երևանը դառնա քառակուսի, ստնադարտ էնպիսի մի քաղաք, որը ոչ մի բանով չի տարբերվում եվրոպական ցանկացած քաղաքից: Մեզ հիմա փորձում են բացատրել, թե ինչ սիրուն է Հյուսիսային պողոտան,այո՛․ գեղեցիկ է, բայց դա Երևանը չի ներկայացնում։ Ինչ ենք մենք փոխանցելու մեր զավակներին, պատմական ի՞նչ պատմական հուշարձաններ ենք փոխանցելու։ Այն, որ քաղաքի կենտրոնը մեծ հետաքրքրություն է ներկայացնում մեծ փողերի համար, դա բոլորին հասկանալի է և միայն Երևանի խնդիրը չէ, ամբողջ աշխարհի խնդիրն է։ Բայց ինչքանով ենք մենք պատրաստ պաշտպանել մեր պատմությունը, մեր քաղաքացիների իրավունքները»,- ասաց իրավապաշտպանը։
Կարապետյանցը նշեց, որ այս ամենում իրենց մեղքի բաժինն ունեն երևանաբնակները, որոնք չպայքարեցին իրենց քաղաքի արժեքների համար, որևէ անգամ մեծ ծավալով պայքար չկազմակերպվեց։ Կարապետյանցը ընդգծեց, որ իրավապահ մարմիններից ոչինչ չի սպասում։ Իրավապաշտպանի կարծիքով միակ տարբերակը լինելու է բոլորի ճնշումը, որպեսզի թույլ չտան՝ քաղաքը, Երևանն ուղղակի քանդուքարափ անեն։
«Երևանն ունի իր կոլորիտը, Երևանն ունի իր տրամադրությունը, իր կատակները, երգերը։ Այդ կոլորիտը պահելու համար անհրաժեշտ է նաև, որպեսզի մենք ունենանք այս հին բակերը, հին շենքերը։ Թող ոչ մեկ չնեղանա՝ Գյումրին գյումրեցիներինն է, Սպիտակը սպիտակցիներինն է, Կիրովականը կիրովականցիներինն է և միայն Երևանն է, որ մեր բոլորինն է և մենք պետք է պահենք Երևանի կոլորիտը։ Ինձ վրդովեցրել է նոր իշխանությունների վերաբերմունքն այս հարցի վերաբերյալ», -եզրափակեց Նինա Կարապետյանցը։