Ֆիրդուս թաղամասի պաշտպանության նախաձեռնող խումբը մի մե խումբ է տարբեր քաղաքացիներից կազմված ՝ բոլոր այն քաղաքացիները, ովքեր մտահոգված են Ֆիրդուս թաղամասի կառուցապատման խնդրով, տարբեր մասնագետներ՝ ճարտարապետներ, պատմաբաններ, իրավապաշտպաններ, իրավաբաններ։ Այս մասին այսօր Ֆիրդուս թաղամասի պաշտպանության նախաձեռնող խմբի ասուլիսի ընթացքում ասաց խմբի անդամ Տիգրան Ամիրյանը։ Վերջինս իր խոսքում նշեց․
«Բոլորը համախմբվել են վերջին մեկ-երկու ամսվա ընթացքում, որպեսզի հասկական, թե ի՞նչ է կատարվում այս թաղամասում, ի՞նչ է նախատեսվում կառուցել բնակելի թաղամասի փոխարեն, ի՞նչ խնդիրներ կան։ Մենք հիմա ունենք մի շարք խնդիրներ և այս երկու ամսվա ընթացքում ահազանգել ենք տարբեր խնդիրների մասին։Ինձ համար առաջին հերթին պատմամշակութային խնդիրներն էին, կան ճարտարապետական, քաղաքաշինական մի շարք խնդիրներ, և տարբեր մասնագետներ սկսեցին աշխատել այդ հարցի շուրջ։ Կան նաև մի շարք իրավական խախտումեր, որոնք մենք նկատել ենք կառուցապատման, օտարման ընթացքում։ Մեկ ամսվա ընթացքում մենք հասկացանք, որ սա ոչ միայն մշակութային, կամ նեղ մասնագիտական խնդիր է, այլ մի լայն խնդիր,մեծ հարց է։ Ընդհանրապես կապված քաղաքի կենտրոնի պատկերի հետ, թե ի՞նչ ենք ստանալու մենք մի քանի տարուց, ի՞նչ է լինելու այս վայրում՝ հանրապետության հրապարակին կից, ի՞նչ է կառուցվելու։ Ես երկար տարիներ հետազոտել եմ այս թաղամասը, աշխատել եմ բնակիչների հետ, տարբեր մասնագետների հետ, որպեսզի հասկանամ այս թաղամասի ինքնությունը, պատմությունը։ Հավաքել ենք բանավոր պատմություններ, աշխատել ենք լուսանկաների, քարտեզների ամեն ինչի հետ։ Վերջիվերջո մշակութային ու պատմամշակութային կարևորությունը մեզ համար դարձավ ավելի հասկանալի և ավելի պարզ, և հիմա բացի այդ խնդիրներից, որոնք մենք հետազոտել ենք, կան մի շարք ուրիշ խնդիրեն և այդ խնդիրների շուրջ խոսում են տարբեր մասնագետներ և այս ասուլիսի ընթացքում մենք կփորձենք լուսաբանել ֆիրդուս թաղամասի կառուցապատման հարցի շուրջ առաջացած խնդիրները»։
«Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը ասուլիսի ընթացքում անդրադարձավ թաղամասի կառուցապատման հարցի շուրջ առաջացած իրավական խնդիրներին։ Վերջինս իր խոսքում նշեց․
«Ես կներկայացնեմ Ֆիրդուս թաղամասի իրավական գործընթացի վերաբերյալ ուսումնասիրությունները և դրա հիման վրա մեր կազմակերպությունը իրավապահ մարմիններին արդեն ներկայացրել է հաղորդում հանցագործության մասին ։ Հույս ունենք, որ պատշաճ իրավական ընթացակարգով տեղի կունենա նյութերի նախապատրաստումը։ Ինչին է վերաբերում իրավական գործընթացը, որից ելնելով այսօր արդեն իսկ այդ քաղաքաշինական ծրագիրը մշուշոտ է երևում։ 33-րդ թաղամասի կամ Ֆիրդուսի թաղամասի հետ կապված իրավական գործընթացը սկսել է 2006-2007 թվականներին , նաև 2008 թվականին, երբ կառավարության որոշումներով գերակա հանրային շահ է հռչակվել։ Ընդ որում, տարածք ձեռք բերող է հայտարարվել «Սիթի Սենթր Դիվելոփմենթ» ընկերությունը, որի հիմնադիրը հանդիսանում է Էդուարդ Մելիքյանը, այնուհետև այդ գործընթացում, որպես կառուցապատող ներգրավվել է բավականին տխուր հռչակ ունեցող «Գլենդել Հիլզ» կազմակերպությունը և ծրագիրը փաստորեն չի իրականացվել, այսինքն այս գործընթացը ձախողվել է 2007-2008 թվականներին հռչակված և կնքված պայմանագրերի վրա։ Ավելին այս գործընթացներում ակնհայտորեն որևէ ֆինանասական երաշխիքներ այդ կազմակերպությունները չեն ներկայացրել, որ ծրագիրը կիրականացվի»։
Մարտիրոսյանն իր խոսքում նշեց, որ իրենց ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ պետությունը ակնհայտորեն փորձել է օժանդակել ընկերություններին։ 2014 թվականին կառավարությունը երաշխավորություն է ներկայացրել, որ այդ կազմակերպությունները արտաքին վարկային ռեսուրսներ ներգրավվեն և ներգրավվելուց հետո նույնիսկ այդ պայմանագրերը որևէ ձև չեն հրապարակվել, դրանք գաղտնի են մնում և ծրագրը որևէ կերպ չի իրականացվում։
«Այդ ընթացքում քաղաքացիների դժգոհություններ են առաջանում, որ իրացման ծրագրում իրենց սեփականության իրավունքը խախտվել է։ Այս ամենից հետո 2018 թվականի մարտ ամսվա վերջին տարածքը դարձյալ հռչակվում է գերակա հանրային շահ և ձեռք բերողը ճանաչվում է «Դիանար» ընկերությունը, որի հիմնադիրը նույն Էդուարդ Մելիքյանն է, ով նույն «Գլենդել Հիլզ» կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարն է։ Այս պայմաններում «Դիանար» ընկերությունը, որպեսզի ցույց տա, թե տարածքների ձեռքբերման հետ կապված մրցակցություն է տեղի ունենում հիմնում է 17 ընկերություն, որոնց մեծ մասի հիմնադիրը կրկին Էդուարդ Մելիքյանն է։ Ստացվում է այնպես , որ ձևական մրցակցություն ստեղծելով փորձ է արվում ցույց տալ, թե ընկերություններ են հիմնադրվել, որոնք պետք է քաղաքաշինական ծրագրեր ներկայացնեն՝ լավագույն լուծումներով տարածքը կաուցապատելու վերաբերյալ։ Այս գործընթացը բնականաբար իրենում պարունակում է բավականին լուրջ կոռուպցիոն ռիսկեր։ Ընկերությունները, որոնք 2006-2007 թվականներից ձախողում են ծրագիրը և ներառված են կոռուպցիոն բավականին լուրջ գործընթացներում։ Այս հանգամանքներից ելնելով «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը ներկայացրել է հաղորդում հանցագործության մասին՝ պաշտոնատար անձանց կողմից համապատասխան գործարքների իրականացման մեխանիզմենրում չարաշահումներ թույլ տալու վերաբերյալ»,- եզրափակեց Հայկ Մարտիրոսյանը։