17։42- Մոտ օրերս Գերմանիայի միջազգային որոնողական և փրկարարական կենտրոնը (ISAR) Հայաստան կգործուղի բուժաշխատողների մի խումբ: Այն բաղկացած կլինի բժիշկներից, բուժքույրերից և արտակարգ իրավիճակների փորձագետներից և կմիանա կորոնավիրուսի դեմ ՀՀ-ում տարվող պայքարին: [ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատուն]
17։04- Գյումրիում գործող «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի ու պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատությունում» խնամվող 21 երեխաներից 10-ը վարակվել է կորոնավիրուսով։ Վիրուս է հաստատվել նաև 5 աշխատակցի մոտ։ Այս մասին հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։ Նա նշել է, որ երեխաներն ու աշխատակիցները հոսպիտալացված չեն, իրենց լավ են զգում։ |factor.am|
16։22- Այսօր ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի իրականացրած ստուգայցերի ընթացքում «Առինջ մոլում» գտնվող շինանյութերի, հագուստի և տնտեսական ապրանքների վաճառքի կետերում հայտնաբերվել են մի շարք խախտումներ: Բացակայել են սոցիալական հեռավորություն պահելու համար արվող գծանշումները, ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները: [ՇՎՏՄ]
15։21- ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի՝ Շենգավիթ վարչական շրջանում իրականացրած դիտարկումների արդյունքում կանոնավոր և ոչ կանոնավոր տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել են կանգնած ուղևորով փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներ, նաև առանց դիմակի երթ իրականացնող վարորդներ։ Տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների դեպքում արձանագրված գերակշռող խախտումները հետևյալն են՝ դիմացի նստատեղին ուղևորի առկայությամբ փոխադրում իրականացնելու դեպքեր, ինչպես նաև առանց դիմակի վարորդներ։ [ՔՏՀԱ]
11։35- Նիդերլանդների ԱԳՆ-ն որոշում է կայացրել ՀՀ-ին հատկացնել 200․000 եվրո գումար՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար խիստ անհրաժեշտ սարքավորումներ գնելու նպատակով։ Գումարն ուղղվելու է հայաստանյան ընկերություններից 3 PRC թեսթավորման սարք, 100 հիվանդանոցային մոնիտոր և 1 կենսաբանական անվտանգության խցիկ ձեռք բերելուն։ ՀՀ ԱՆ-ն արդեն պատվիրել է դրանք։ [ՀՀ ԱԳՆ]
11։10- Արցախում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 4 նոր դեպք։ Առողջացել է ևս 3 քաղաքացի։ Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 146 է: Հիվանդներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, ևս մեկ հիվանդի վիճակ՝ միջին ծանրության: [Արցախ/տեղեկատվական շտաբ]
10։52- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 69 (կին), 72 (կին), 64 (կին), 86 (կին), 93 (տղամարդ), 51 (կին), 90 (տղամարդ), 60 (տղամարդ), 62 (տղամարդ), 72 (տղամարդ) և 85 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ՀՀ ԱՆ]
10։51- #Թարմացում 10.07.2020թ
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 30903 (+557)
Առողջացածներ – 18709 (+709)
Փաստացի բուժվողներ -11471 (-170)
Ընդհանուր թեստեր – 131216 (+2050)
Մահվան ելքեր – 546 (+11)
Մահվան ելքեր այլ պատճառով –177 (+7) [ՀՀ ԱՆ]