armtimes.com: Քրիստոնեության և Հայ եկեղեցու դերը թե՛ հայապահպանման գործում, թե՛ հայոց լեզվի և հայագիտության պահպանման գործում, թե՛ ընդհանրապես պետության համար շատ կարևոր դեր են ունեցել, և այդ հատվածը մեր պատմության ամենակարևոր բաղկացուցիչ մասերից մեկն է։ Կարծում եմ՝ Էջմիածնի հետ համատեղ քննարկման արդյունքում հնարավոր է ընդհանուր եզրակացության գալ։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ԿԳՄՍ նախարարության՝ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրում չներառելու նախագծին։
«Առարկան համադրվելու է հայ ժողովրդի պատմության հետ, և բովանդակային առումով որևէ փոփոխություն չի լինելու, այսինքն՝ բացարձակ փոփոխության չի ենթարկվելու առարկայի բովանդակային հատվածը, սա այն է, ինչ փոխանցել են ինձ նախարարությունից»,- նշեց Մակունցը։
Նա ասաց, որ առաջիկայում այս կապակցությամբ պատրաստվում է Հայր Ասողիկի հետ հանդիպում ունենալ։
Իշխանությունների՝ Հայ եկեղեցու դեմ իրականացվող արշավին անդրադառնալով՝ Մակունց նշեց, որ այդ պնդումը չի համապատասխանում իրականությանը։