armenpress.am: ՀՀ վարչապետի, ճանապարհաշինարարության պատասխանատուների կողմից կան հավաստիացումներ այն մասին, որ համավարակի պայմաններում այս ոլորտի որևէ ծրագիր չի դադարեցվելու, կասեցվելու կամ դանդաղելու: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը նշեց, որ ոչ միայն չեն դադարեցվում, ընդհակառակը, հնարավորինս խթանվում են ճանապարահիշինարարական աշխատանքների արդյունավետ իրականացումը:
«Կորոնավիրուսով պայմանավորված մինչ այս պահը որևէ ճանապարհաշինարարական ծրագիր չի դադարեցվել: Դրան զուգընթաց մենք անվտանգության միջոցառումների հատուկ քաղաքականություն ենք վարում: Մեր վերահսկողության ներքո են կորոնավիրուսով պայմանավորված միջոցառումների իրականացումը տեղամասերում, շինհրապարակներում այն մարդկանց շրջանում, որոնք ներգրավված են կառուցապատման գործընթացում»,-ասաց Քրիստիեն Ղալեչյանը: Նա տեղեկացրեց, որ մշակում են գործողությունների պլանը, որոնք պետք է լինեն բոլոր աշխատանքային տեղամասերում: Նախարարի տեղակալը հավաստիացրեց, որ արվելու է ամեն ինչ տեղամասերում առավելագույն անվտանգության միջոցառումներ իրականացնելու համար:
«Մենք այդպիսի միջոցառումներով փորձում ենք ճանապարհաշինարարական աշխատանքները առաջ տանել: Իհարկե, որոշ գյուղերում, որտեղ համավարակի հետ կապված եղել են սահմանափակումներ, ապա կարճ ժամանակահատվածում, զուտ այդ տարածքում որոշակի կասեցում եղել է: Ընդհանուր առմամբ, ճանապարհաշինարարական աշխատանքները լայն թափով ընթանում են»,-ասաց Քրիստինե Ղալեչյանը: