2020 թվականի հունիսի 22-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում էր փոխարինել Սահմանադրական դատարանի նախագահին և ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած ՍԴ անդամներին (դատավորներին): Օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն՝ 89 «կողմ» ձայնով:
Ազգային ժողովի՝ վերը նշված նիստին ընդդիմադիր խմբակցությունները չմասնակցեցին՝ նշելով, որ կատարվածը հակասահմանադրական է, և իրենք չեն մասնակցի ապօրինի որոշման ընդունմանը։
Հետագայում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը տարածեց հայտարարություն, որում ասվում էր․
««Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը, օգտվելով ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 2 կետով սահմանված լիազորությունից, նախաձեռնում է ԱԺ պատգամավորների մեկ հինգերորդի ստորագրահավաք՝ խորհրդարանի կողմից ընդունված որոշման սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար: Դիմում ենք «Լուսավոր Հայաստան» կուսակցության մեր գործընկերներին ՝ միանալ այս նախաձեռնությանը ՝ մեր երկրում իրավական անվտանգությունը պաշտպանելու և սահմանադրական կարգի տապալումը կանխելու համար»:
Հունիսի 23-ի ուշ երեկոյան նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց Ազգային ժողովի ընդունված՝ «Հանրաքվեի մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ», «Սահմանադրական դատարանի մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքները։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ երեկ տեղի ունեցած ասուլիսի ընթացքում Էդմոն Մարուքյանը նշեց, որ ԼՀԿ-ն չի միանում ԲՀԿ նախաձեռնած ստորագրահավաքին և կդիմի ՍԴ՝ Ռոբերտ Քոչարյանի գործի քննության ավարտից հետո։
Սահմանադրական դատարանի կազմի վերաբերյալ հարցերի մասին infocom.am-ը զրուցել է «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանի հետ։
– Տիկին Հակոբյան, խորհրդարանական իշխող մեծամասնությունը երկար ժամանակ խոսում էր ՍԴ ճգնաժամի մասին։ Այդ ընթացքում մի քանի նախաձեռնություններով հանդես եկան, բայց դրանք, ըստ էության, չհաջողեցին, ի վերջո առաջարկվեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը՝ անգամ այն կոնտեքստում, թե սա հեղափոխության երկրորդ փուլն է։ Ըստ Ձեզ՝ նախագիծը ուշացա՞ծ է, թե՞ ճիշտ ժամանակին, և արդյոք սրանով վերջնականապես լուծվո՞ւմ է ՍԴ ճգնաժամը։
– Իրապես ափսոսում եմ, որ Սահմանադրական դատարանի հարցը չլուծվեց անմիջապես հեղափոխությունից հետո, և նույնիսկ այն դեպքում, երբ նախորդ տարվա ամռանը դատավոր Վահե Գրիգորյանը այս խնդրին տվեց «սահմանադրական ճգնաժամ» ձևակերպումը ու հանգամանալից բացատրեց, թե որն է այդ ճգնաժամի էությունը, այս խնդրին պատշաճ լուծում չտրվեց: Փոխարենը` առաջ քաշվեցին այս խնդրի լուծմանն իբրև թե ուղղված զանազան տարբերակներ, որոնք բոլորը տանում էին փակուղի: Ի վերջո ընտրվեց այս տարբերակը, որը ես համարում եմ մինիմալիստական: Այդուհանդերձ, որոշ չափով սա խնդրի լուծում է` հաշվի առնելով այն, որ հնարավոր կլինի ընտրել երեք նոր դատավոր, որոնք նոր իրավական մշակույթ կբերեն ՍԴ և կբարձրացնեն այդ կարևորագույն ինստիտուտի հանրային հեղինակությունը:
– 2015 թվականի խմբագրությամբ Սահմանադրությամբ՝ ՍԴ նախագահ ընտրում են ՍԴ դատավորները։ Որքանո՞վ է հնարավոր, որ դատավորների փոփոխությունից հետո Հրայր Թովմասյանը վերընտրվի, քանի որ վերջինս շարունակելու է մնալ ՍԴ-ում՝ որպես դատավոր։
-Նախ` այս ամենից հետո, եթե Հրայր Թովմասյանն ունի արժանապատվության նվազագույն զգացում, պետք է հրաժարական տա նաև դատավորի պաշտոնից, քանի որ, ըստ երևույթին, հենց իր խոստացած երաշխիքներից ու միջազգային աջակցության մասին հավաստիացումներով ոգևորված մնացած անդամները չընդունեցին իշխանության՝ վաղ կենսաթոշակի անցնելու առաջարկը ու հիմա տարակուսում են, թե ով պետք է, օրինակ, փակի իրենց վարկերը կամ ինչպես պետք է լրացվի Եվրոպական դատարանից կորցրած աշխատավարձը և այլն: Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք հավանակա՞ն է, որ դարձյալ ՍԴ նախագահ ընտրվի Հրայր Թովմասյանը, կարծում եմ, որ դա ուղղակիորեն բացառվում է:
– Իշխող ուժի ներկայացուցիչները վերջին երկու տարիների ընթացքում տարբեր հարթկներից նշել են, որ Հրայր Թովմասյանը չպետք է լինի ՍԴ-ում, որ նա ուզուրպացրել է ՍԴ-ն, բայց, այդուհանդերձ, նախագծով շարունակելու է աշխատել և մնալ Դատարանում։ Ի՞նչ կարծիքի եք այս իրավիճակի վերաբերյալ։
– Հրայր Թովմասյանը, ինչպես և ՍԴ մյուս անդամները, տեղ չունեն նոր Հայաստանի Սահմանադրական դատարանում: Այս լուծումն ինձ բնավ չի ուրախացնում: Միևնույն ժամանակ, ես հասկանում եմ, որ ժամանակի այսքան մեծ կորստից հետո ստեղծված իրավիճակում դա այն միակ հնարավոր լուծումն էր, որին բավարարեց այս իշխանության վճռականությունը: Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ՍԴ ևս երկու անդամի տասներկու տարվա պաշտոնավարման ժամկետը կլրանա 2022թ. ավարտին, կարծում եմ, որ ընդամենը երկու տարում ՍԴ-ն կունենա արդեն արժանի դատավորներով համալրված կազմ, որոնք հավուր պատշաճի կիրականացնեն սահմանադրական արդարադատություն:
– Ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները տարբեր հարթակներում նշեցին, որ ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ անելու արդյունքում նվազեցվել են հանրապետության նախագահի լիազորությունները։ Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անգամ նշել էր, որ նախագահը ստորագրել է իր ինքնաոչնչացման նախագիծը։ Խնդրում եմ Ձեր տեսակետը՝ այս պնդումների վերաբերյալ։
– Կարծում եմ, որ եթե նախագահն այստեղ խնդիր տեսներ, այդ փոփոխությունները չէր ստորագրի: Միևնույն ժամանակ, այս նոր փոփոխությունները ստորագրելու փաստը ակնհայտ է դարձնում այն, որ Հայաստանի Հանրապետությունում այսօր ժողովրդի վստահությունը վայելող պետական ինստիտուտները, որպիսիք են ԱԺ-ն, գործադիրը և նախագահը, ինչպես նաև պետության բոլոր ժողովրդավարական ուժերը և, ամենակարևորը, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը համակարծիք են այն հարցում, որ ՍԴ-ի ճգնաժամը պետք է շուտափույթ լուծում ստանա: Իսկ Քոչարյանի գործով քննությունը վերսկելու օր նշանակելու հանգամանքը ևս մեկ անգամ պետք է ակնհայտ դարձնի բոլորին, այդ թվում` մեր միջազգային գործընկերներին, թե կոնկրետ ում շահերն է սպասարկում այս կազմով Սահմանադրական դատարանը: Սրանից հետո, կարծում եմ, որևէ մեկի մոտ կասկած չպետք է հարուցի այն, թե ինչու էր ՍԴ այս կազմին պետք «անցումային նոր փուլը», որը իրենք էլ, ամենայն հավանականությամբ, հայցել են Վենետիկի հանձնաժողովի իրենց գործընկերներից:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ պաշտոնական տեղեկագրում հրապարակվել են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունները․ այն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից՝ վաղվանից։ Այս փոփոխությունների արդյունքում ՍԴ անդամներ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը և Հրանտ Նազարյանը կհեռանան աշխատանքից, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը վաղվանից կշարունակի լինել միայն ՍԴ դատավոր և ոչ թե նախագահ։