armtimes.com: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր տեսաուղերձով դիմել է ռուսներին:
Մասնավորապես, նա ներկայացրել է կորոնավիրուսի հետեւանքով առաջացած տնտեսական խնդիրների լուծման համար կառավարության եւ իշխանությունների կողմից մշակված մի շարք կետերի ու առաջարկների, աջակցության ծրագրերի մասին: Պուտինը նաեւ ամփոփել է կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի արդյունքները:
Գրեթե մեկ ժամ տեւած ուղերձից ТАСС-ն առանձնացրել է ուղերձի ամենակարեւոր հատվածները:
Այսպես.
Պուտինն առաջարկում է 2021 թվականի հունվարի 1-ից բարձրացնել ֆիզիկական անձանց եկամտահարկի դրույքաչափը ՝13-ից հասցնելով 15% -ի: Խոսքը տարեկան 5 միլիոն ռուբլին գերազանցող եկամուտ ունեցող քաղաքացիների մասին է: Այդ գումարն ամիսների բաշխմամբ ստացվում է՝ ամսական մոտ 416 հազար ռուբլի եկամուտ:
Եկամտահարկի դրույքաչափի ավելացված վճարներից մոտ 60 միլիարդ ռուբլի կուղղվի որոշակի հիվանդություններ ունեցող երեխաների բուժմանը: Գործող օրենսդրության համաձայն, Ռուսաստանում եկամտահարկի վճարումներ են սկսում գանձվել այն անձանցից, որոնք ՌԴ-ում են անցկացնում տարեկան առնվազն 183 օր եւ աշխատանքային գործունեություն ծավալում այդ ընթացքում, ստանում եկամուտ:
ՌԴ ղեկավարը կառավարությանը հանձնարարել է մշակել առաջարկություններ՝ ենթակառուցվածքների զարգացման երկարաժամկետ ֆինանսավորման համար:
Նա հանձնարարել է նաեւ միջոցներ ձեռնարկել՝ մինչեւ 2021 թվականը աշխատաշուկայի հետ կապված խնդիրները լիարժեք վերականգնելու համար:
Պուտինը հայտնել է, որ մինչեւ 16 տարեկան երեխաներ ունեցող բոլոր ընտանիքները հուլիսին կստանան 10 հազարական ռուբլիների չափով միանվագ օգնություն:
Նախագահն առաջարկում է ընդլայնել արտոնյալ հիփոթեքային վարկի ծրագիրը 6.5% -ով եւ այն տրամադրել Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայի ու Լենինգրադի շրջանների նորակառույց շենքերում մինչեւ 12 միլիոն ռուբլի արժողությամբ բնակարաններ ձեռք բերելու համար, իսկ այլ շրջաններում՝ մինչեւ 6 միլիոն ռուբլու չափով:
Ռուսները, որոնք առանց աշխատանքի են մնացել կորոնավիրուսի համաճարակի պատճառով, կշարունակեն աջակցություն ստանալ նաեւ հուլիսին ու օգոստոսին:
Մարզերը 2020 թ.-ի հուլիսի 1-ից հնարավորություն կունենան իրենց տարածքներում ներկայացնել ինքնազբաղ անձանց համար հարկային ռեժիմ: Այս ծրագիրը արդեն իսկ գործում է 23 շրջանում՝ որպես փորձնական ծրագիր:
Պուտինն առաջարկել է համաճարակի ֆոնին նվազեցնել IT ընկերությունների համար ապահովագրավճարների չափը մինչեւ 7,6%: Նա առաջարկել է նաեւ մինչեւ սեպտեմբերի 15-ը հավելավճարներ տրամադրել այն սոցիալական աշխատողներին, որոնք մասնակցում են կորոնավիրուսի դեմ պայքարին:
Պուտինը հիշեցրել է, որ հուլիսի մեկին կկայանա Ռուսաստանի Սահմանադրության փոփոխությունների հարցով հանրաքվեն: «Մեր առաջարկած փոփոխություններն ուժի մեջ կմտնեն, եթե քաղաքացիները հավանություն տան դրանց: Հենց ժողովրդի կամքն է ամենակարեւորը՝ երկրի վստահ, դինամիկ, երկարաժամկետ զարգացման համար հուսալի պայմանների ապահովման գործում»,- նշել է ՌԴ ղեկավարը: Նա հայտնել է, որ վստահ է՝ եթե սահմանադրական փոփոխություններն ընդունվեն, ավելի բարձր պահանջներ կսահմանվեն կառավարության քաղաքականության արդյունավետության համար:
Շարունակությունը՝ armtimes.com-ում