ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան աջում գրում է․
«Այսօր Չինաստանից ժամանած մեր բեռնատար ինքնաթիռով ստացանք 500 թթվածնային խտացուցիչներ, որոնք բաշխվելու են կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված և կասկածելի դեպքերով զբաղվող բուժհաստատություններին, ինչը թույլ կտա էականորեն բարելավել թթածնակախյալ պացիենտների բուժօգնությունը, նրանց հոսպիտալացումը իրականացնել ավելի արագ և նաև կանխարգելել այդպիսի պացիենտների առողջական վիճակի բարդացումը: Սարքերի բաշխումը արդեն իսկ սկսվել է հենց օդանավակայանից։
Մոտ օրերին կմատակարարվի ևս 130 նման սարքը, ինչը փաստացի թույլ կտա բավարարել մեր երկրի այս պահի ամբողջական պահանջարկը: Քննարկվում է նաև նման սարքերը տնային օգտագործման տալու հնարավորությունը: Սարքերը ձեռք են բերվել ՀՀ պետական բյուջեի միջոցներով»։
Վարչապետը մեկ այլ գրառմամբ տեղեկացնում է, որ Չինաստանից մատակարարվել են 3 մեծ թթվածին արտադրող կայաններ, որոնք մեծացնելու են հետևյալ 3 բժշկական կենտրոնների կենտրոնացված թթվածին արտադրելու հզորությունները.
- Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց,
- Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն,
- Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի ինֆեկցիոն մասնաճյուղ:
«Մատակարարման փուլում են նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, Ոստիկանության հոսպիտալի և Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի կենտրոնացված թթվածնային կայանները: Հայաստան են ժամանել նաև հեղուկ թթվածնային համակարգերը` Սպիտակի, Արտաշատի, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Նորքի Ինֆեկցիոն ԲԿ-ների համար: Բոլոր գնումները իրականացվել են պետական բյուջեի միջոցներով»,- գրում է Նիկոլ Փաշինյանը։