Թույլատրե՞լ զենքի ազատ շրջանառությունը, թե՞ ոչ [Challenge 10.1 | Հակոբ Ճաղարյան]

“Challenge” նախագիծն ուղղված է հանրային քննարկում խթանելու ներուժ ունեցող անհատների համար գրելու, ստեղծագործելու, փոփոխությունների միտք գեներացնելու ինչպես ֆինանսական, այնպես էլ հոգեբանական մոտիվացիա ստեղծելուն։ Յուրաքանչյուր հեղինակ հոդվածի վերջում «մարտահրավեր» է նետում այլ հրապարակախոսի, ոլորտային մասնագետի, փորձագետի կամ ցանկացած մարդու, որին համարում է թեմայի արժանի շարունակող։

Ներդրված է նվիրատվությունների համակարգ (հոդվածի վերջում), որի միջոցով ընթերցողը հնարավորություն ունի նվիրատվություն կատարել հոդվածագրին։ infocom.am-ը հանդես է գալիս որպես միջնորդ ընթերցողի և հոդվածագրի միջև։

Ժամանակակից աշխարհում ամենաշատ քննարկվող հարցերից մեկը զենքի ազատ շրջանառության իրավունքն է:

Զենքի ազատ շրջանառության մասին օրենք ընդունած երկրների բնակիչների մեծամասնությունը, համոզվելով այդ գործընթացի բացասական կողմերի համեմատ դրական կողմերի բացարձակ գերակայության մեջ, պնդում է, որ նման օրենքը կարևոր է, և ավելացնում է բնակչության անվտանգությունը:

Դեռևս այդպիսի օրենք չընդունած պետությունների բնակչության գերակայող մեծամասնությունը շարունակելով «վախենալ» զենքից՝  պնդում է հակառակը:

Ես միշտ եղել եմ զենքի սիրահար և նրա ազատ շրջանառության ջատագով, ունեմ զենքի հավաքածու, զենք ունեն երկու որդիներս (առայժմ՝ միայն հարթափող), բայց այս քննարկմանը կփորձեմ անաչառորեն ներկայացնել խնդրի և՛ դրական, և՛ բացասական կողմերը:

Սկսենք նրանից, որ ողջ աշխարհում օրինական զենքով հանցագործություններ համարյա չեն կատարվում:  Քանի որ օրինական ճանապարհով ձեռք բերված բոլոր զենքերը կանոնավոր կերպով պարտադիր կրականշվում են ոստիկանության հատուկ ծառայության կողմից, իսկ կրականշված փամփուշտների օրինակները պահվում են հատուկ պահոցում:  Համաձայնեք, որ կրականշված զենքով հանցագործություն կատարելու մեջ որևէ տրամաբանություն չկա: Հանցագործը անխուսափելիորեն հայտնաբերվում է հաշված ժամերի ընթացքում: Այսպես՝ համաձայն Ալկոհոլի, ծխախոտի և զենքի շրջանառության ԱՄՆ գործակալության (BATF) վիճակագրության, զինված հանցագործությունների 93%-ը կատարվել է անօրինական զենքով:

Մյուս կողմից՝ պետք է փաստել, որ այսօր աշխարհի ոչ մի երկրում «սև շուկայում» զենք ձեռք բերելը բարդություն չէ: Եվ Հայաստանը նույնպես բացառություն չէ:  Ընդ որում՝ ընտրությունը բավական լայն է: Սկսած ինքնաշեն զենքերից, և վերջացրած տարատեսակ ձևափոխումներով մարտական զենք ստանալուց, կամ բնօրինակի հայթհայթումից:

Մենք ժամանակ առ ժամանակ ականատես ենք դառնում հրազենի կիրառմամբ հանցագործությունների: Փորձենք մտաբերել, թե այդ հանցագործություններից քանիսն են կատարվել օրինական ճանապարհով ձեռք բերված զենքով: Վստահորեն կարելի է ասել՝ համարյա ոչ մեկը: Բացառություն էր անցյալ տարի «Էրեբունի Պլազա» հյուրանոցի վրա հարձակումը: Բայց այս դեպքում էլ հանցագործը հոգեկան խնդիրներ ուներ, ինչին դեռ կանդրադառնանք:

Ավելացնենք, որ ըստ ՀՀ ոստիկանության ՀԿԱ վարչության,  այսօր ՀՀ-ում շրջանառության մեջ է գտնվում  մոտ 46,000 միավոր զենք: Որոնցից և ոչ մեկով չի կատարվել ոչ մի հանցագործություն:                                                                                                

Այսպիսով՝ կան անօրինական ճանապարհով զենք ձեռք բերած հանցագործներ, կա անզեն բնակչության պաշտպանությանը ծառայող, բայց ամեն բնակչի ամենժամյա անհատական անվտանգության ապահովման հնարավորություն չունեցող ոստիկանություն, և կա ամեն քաղաքացու անվտանգության ապահովման պահանջ: Եվ այս իրավիճակում, երբ հանցագործը միշտ կարող է զենք հայթայթել, իսկ օրինապաշտ քաղաքացին՝ ոչ, իմ համոզմամբքաղաքացիների զինված լինելն ավելի շատ դրական է, քան կարող է ունենալ բացասական հետևանքներ:

Զենքի ազատականացման հակառակորդների հաջորդ հակափաստարկը հանցագործությունների հնարավոր ավելացումների մտավախությունն է: Պարզապես կանդրադառնամ Հայաստանի հետ տարբեր նմանություններ ունեցող մի քանի երկրի վիճակագրությանը, որը ցույց է տալիս, թե քանի հրազենային սպանություն է տեղի ունենում ամեն 100,000 բնակչի հաշվարկով.

  • ԱՄՆում, որտեղ նահանգների մեծամասնությունում զենքի առուվաճառքն ուղղակի ազատ է, այն կազմում է 4,46,
  • Չեխիայում` 0,15,
  • Մոլդովայում` 0,45,
  • Վրաստանում` 1,98,
  • Իսրայելում, որտեղ ամբողջ բնակչությունը տոտալ զինված է` 1,05։

Հայաստանն ընդհանրապես ընդգրկված չէ ցուցանիշային երկրների ցանկում:  Իսկ ՀՀ ամենաշատ զինված, զենքի կիրառմամբ ամենաքիչ հանցագործություններ ունեցող տարածաշրջանն Արցախն է:

Առանձնահատուկ ուզում եմ ընդգծել մեր իրավիճակին շատ մոտ գտնվող Իսրայելի և հարևան Վրաստանի  օրինակները: Վրաստանում, ըստ 2019 թ. տվյալների, հանցագործությունների 9,5% ընդհանուր աճի պայմաններում՝ զենքով կատարված հանցագործությունների թվի աճ չի արձանագրվել:

Այսպիսով հերքվում է նաև զենքի ազատականացման դեմ հաջորդ փաստարկը՝ «տաքարյուն» հայերի զենք կրելու կուլտուրայի բացակայությունը: Զենքի կուլտուրան և նրա հետ վերաբերվելու հմտությունները ծնվում են միայն այն ձեռք բերելու պարագայում: Քանզի օրինական զենք ունենալը ոչ միայն իրավունք և առավելություն է, այլև հսկայական պատասխանատվություն: Պետք է իմանալ և պահպանել «Զենքի մասին» ՀՀ օրենքի բոլոր դրույթները, այն պահպանելու և օգտագործելու կանոնները, զենքի հետ վարվելու հմտությունները, հոգեմետ դեղամիջոցներ չօգտագործելու պահանջները, ալկոհոլիզմից խուսափելու անհրաժեշտությունը և այլն:
 
Ինձ համար բոլորովին զարմանալի չէ, որ զենք ունեցող իմ բոլոր ծանոթները միջին վիճակագրականից ավելի հանգիստ և հավասարակշռված են կենցաղում, քան փողոցում գոռգոռացող հազարավոր «ուժեղ տղերք»:     
 
Հաջորդ, իմ համոզմամբ, շատ կարևոր փաստարկը զենքի օգտին՝ դա պետություն-քաղաքացի փոխհարաբերություններում պետության դերի չարաշահման դեմ ըմբոստության հնարավորությունն է: Գիտեմ, որ կգտնվեն նաև ինձ զինված հեղափոխության կոչերում կամ գոնե դրանց ջատագովը լինելու մեջ մեղադրողներ: Հիասթափեցնեմ՝ ոչ առաջիններից եմ և ոչ էլ երկրորդներից: Ես ուղղակի չեմ ցանկանում  հրաժարվել ՄԱԿ-ի կողմից՝  մարդու իրավունքների պաշտպանության, ընդհուպ մինչև զինված ապստամբության և բողոքի իմ իրավունքից:
 
Հիշենք 2008 թ. Մարտի 1-ի կամ 2016 թ. ամառվա դեպքերը: Առաջինում խաղաղ ժողովրդի դեմ կանգնած էին օլիգարխների՝ մինչև ատամները զինված բաշիբոզուկները: Երկրորդի դեպքում՝ «Սասնա Ծռերը» ՊՊԾ գունդը չէին գրավել խանութից գնած զենքերով: Իսկ մյուս կողմից՝ Սարի Թաղում վայրագություններ անող, երանոսյանական տրանկվիլիզատորացված խուժանի դեմ պաշտպանության միջոցը գլխին ստացած  մի քանի հարվածից հետո մեռած ձևանալն էր: Քիչ չեն նաև ընկածներին քացիներով ծեծելու դեպքերը:  
 
Ես հարյուրավոր հիմնավորումներ կարող եմ բերել հօգուտ զենքի ազատականացման: Բայց ամենը տեղավորել մի հոդվածում անհնար է: Բերենք ևս մի հիմնավորում ու սրանով եզրափակենք։
 
Հայաստանը պատերազմող երկիր է: Պատերազմող երկրի քաղաքացիների համար զենք ունենալը՝ անհրաժեշտություն: Հնարավոր չի եղել, չէ, և երբեք էլ հնարավոր չի լինի գրավել որևէ երկիր՝ զինաթափելով բոլոր զենք ունեցողներին: Զենքի առկայությունն ամեն հայկական ընտանիքում այսօր առավել քան անհրաժեշտ է: Իսկ սահմանամերձ շրջաններում՝ հրամայական:
 
Ինչպե՞ս ունենալ զինված հասարակություն՝ դրա հետ կապված բացասական երևույթների ամենաքիչ արտահայտումներով․
  • «Զենքի մասին» ՀՀ  օրենքը ներառուն է և բավական լավ ձևակերպված, այն ունի մի շարք ճշգրտումների և ուղղումների կարիք: Մասնավորապես՝ ակոսափող զենք կրելու թույլտվության համար  հարթափող զենք կրելու ստաժի (այժմ այն 5 տարի է) պարտադիր սահմանափակման, սահմանամերձ շրջանների բնակիչներին տրվող թույլտվությունների հեշտացման, և այլ մասերով:
  • Բոլոր ցանկացողների համար զենքի հետ վարվելու, օրենքներին ծանոթացնելու, կիրառման փորձառության, անհրաժեշտ այլ գործառույթների հետ ծանոթացնելու դասընթացների կազմակերպում: Ավտոդպրոցի օրինակով: Հիրավի, մեքենա ունենալն այսօր զենք կրելուց ավելի վտանգավոր է:
  • Զենք ձեռք բերելու համար պարտադիր գործառույթների հեշտացում, նրանց հանդեպ պահանջների խստացմամբ: Զենք կրելու համար պարտադիր է հոգեբուժարանից, նարկոլոգիական դիսպանսերից և տեղական պոլիկլինիկայից տեղեկանքներ,  որոնք հաճախ սահմանափակվում են ուղղակի տեղեկանք լինելով: Ստուգումները պետք է լինեն ավելի խիստ և համապարփակ: Չէր լինի «Էրեբունի Պլազա» հյուրանոցի դեպքը, եթե այս պայմանները խստորեն կատարվեին։
  • Զենքի հանդեպ հսկողության խստացում, ինչպես պահպանման, այնպես էլ օգտագործման խնդիրներում։
  • Անօրինական զենք կրելու համար պատժի բազմապատիկ խստացում։
Այս և այլ օրինական մեթոդների կիրառմամբ, որոնք անհնար է ներկայացնել մեկ, նույնիսկ ծավալուն հոդվածի շրջանակներում, կունենանք պաշտպանված, ուժեղ, հավասարակշռված անհատ, առողջ հասարակություն, հզոր, ժողովրդավարական պետություն։
Մարտահրավերը նետում եմ Սարո Սարոյանին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով