Կրկին 3 թթվածնային սարք ու 6000 պաշտպանական դիմակ Վրաստանից հասավ Հայաստան

Վիրքի հայոց ընկերների վերջին շաբաթվա ինտենսիվ փնտրտուքի արդյունքում, մեծ դժվարությամբ կարողացանք գտնել 10 լիտրանոց թթվածնային 3 խտացուցիչ, որոնք «Մեկ դիմակ` մեկ կյանք» նախաձեռնության կողմից գնված 6000 պաշտպանական դիմակների հետ արդեն Հայաստանում են: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Ալիք մեդիա»-ի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը:

«Այսպիսով, վերջին 10 օրվա ընթացքում մեր համատեղ ջանքերով Վրաստանից ընդհանուր առմամբ 58 խտացուցիչ եւ 9000 դիմակ է բերվել Հայաստան: Սա իրագործելու համար անուրանալի է Վրաստանի եւ մի շարք երկրների մեր հայրենակիցների, գործարարների եւ պարզապես մտահոգ մարդկանց աջակցությունը:

Վրաստանում այս պահին դեֆիցիտ դարձած սարքերը «պեղելու» գործում ջանք չխնայեցին մեր ընկերներ Պավել Օգանեզովն ու Արշակ Բադալյանը: Սարքերի այս վերջին եռյակը գնելու համար ֆինանսական աջակցություն տրամադրեցին բելգիահայերը` Ծովինար Նազարյանի գլխավորությամբ եւ Ջավախքի մեր հայրենակիցները:

Նշեմ նաեւ, որ այս օրերին բազմաթիվ զանգեր ենք ստացել աշխարհի տարբեր հատվածներից, կոնկրետ թթվածնային այս սարքերը Վրաստանից գնելու եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով մեր երկիր տեղափոխելու նախաձեռնությանը միանալու պատրաստակամությամբ, ինչի համար անչափ շնորհակալ ենք:

Տեղեկացնենք, որ ՀՀ Առողջապահության նախարարության մեր գործընկերների համաձայն, մինչ այս իրենց կողմից պատվիրված մի քանի 100 թթվածնային սարքերի մի մասն արդեն Հայաստանում է, մնացածները` տեղում կլինեն շատ շուտով:

Մեզ հետ խոսող բժիշկներն ու հիվանդանոցների համակարգողները շարունակաբար շնորհակալություն են հայտնում վիրահայերին այս կարեւորագույն ժամանակահատվածում Հայաստանին «թթվածին հասցնելու» համար: Մենք էլ իրենց ենք շնորհակալություն հայտնում վարակի դեմ անմռունչ պայքարը շարունակելու համար:

Ասվածն ամենեւին չի նշանակում, թե մենք դադարեցնելու ենք առողջապահական համակարգին աջակցելու ջանքերը, պարզապես հասկանալ է պետք, թե կոնկրետ ինչպես կարող է դա արվել Վրաստանից: Հույս ունենք, որ շուտով դրա անհրաժեշտությունն ընդհանրապես չի լինի, սակայն դա նաեւ մեծապես կախված է մեզանից յուրաքանչյուրի ողջախոհությունից եւ պատասխանատու վարքագծից:

Առողջություն բոլորին…»,- գրել է նա

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով