armtimes.com: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր խափանման միջոցի քննարկման ավարտից հետո հայտարարեց, որ պատմության մեջ չի եղել որեւէ դեպք, երբ իրեն մեղսագրվող հոդվածով անձի կալանավորեն.
«Ես չգիտեմ`այս հոդվածով տույժ-տուգանք վճարել են թե չէ, բայց որ կալանավորելու միջնորդություն ներկայացնեն Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահին, աշխարհով մեկ երկրորդ ընդդիմադիր քաղաքական ուժին… Ես մի հայտարարություն կանեմ միայն. եթե երկրի այս վիճակի, այս համաճարակի, աղքատության, տնտեսական, ասենք թե, անկման մեղավորը ես եմ, ես պատրաստ եմ ինքնակամ գնալու, ոնց ասեմ, այդ պատիժը կրելու, բայց ինձ համար շատ զարմանալի է ամեն ինչ, ժողովուրդ ջան»:
Լրագրողներից մեկի հարցին, թե ինչու չէր խոսում քաղաքական հետապնդման մասին այն ժամանակ, երբ մեղադրանքներ էին առաջադրվում իր հետ առնչվող մարդկանց, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Ես կասկածում էի, բայց իրավունք չունեի դա արտահայտելու, ես, ասենք թե, միշտ մտածել եմ, որ քննությունը կկատարվի, բայց ինչ որ այսօր ասացի, դրանց տեր եմ»,- ասաց Ծառուկյանն ու հեռացավ:
Բողոքի քննության, մեղադրանքի եւ կալանավորման հիմքերի մասին լրագրողների հետ զրուցեցին նրա պաշտպանները. վերջիններիս գնահատմամբ՝ կալանավորման միջնորդությունն անօրինական եւ անհիմն է, ինչի վերբերյալ դատարանում կարծիք է հայտնել նաեւ ինքը՝ Ծառուկյանը. «Ինչպես ամեն անգամ, այնպես էլ դատարանում, նա խոսել է մեղադրանքի շինծու, անհիմն լինելու եւ իր նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացնելու մասին»,- ասաց պաշտպաններից Սամվել Դիլբանդյանը՝ նշելով, որ իրենց կողմից ներկայացվել են բոլոր առարկությունները, եւ իրենք կարծում են, որ դատարանը իր բարձրության վրա կգտնվի եւ միջնորդությունն անպայման կմերժի:
Հարցին, թե ԱԱԾ-ն ինչպես էր հիմնավորում, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ անպայման պիտի կալանավորումը կիրառվի, պաշտպան Սամվել Դիլբանդյանը պատասխանեց. «Նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ մենք չենք կարող որոշ բաներ ասել, բայց ներկայացված փաստական տվյալները անհիմն են, խնդիրներ կային թե քրեական գործը հարուցելու, թե մեղադրանքի հիմնավորվածության, թե դրանից ելնելով՝ հիմնավոր կասկածի շեմը հաղթահարելու հետ կապված»:
Պաշտպաններից Երեմ Սարգսյանն էլ տեղեկացրեց, որ գլխավոր դատախազի՝ ԱԺ-ում ներկայացրած միջնորդագրի մեջ նկարագրված արարքն իր ձեւակերպմամբ տարբերվում է դատարանին ներկայացրածից. «Երբ գլխավոր դատախազը միջնորդում է ԱԺ-ին, դրա իմաստն այն է, որ ամեն պատգամավորի իր միջնորդությամբ, հարցուպատասխանով հիմնավորի, որ այո, այս արարքի պարագայում առկա է անձին անձեռնմխելիությունից զրկելու անհրաժեշտություն, բայց ստացվում է՝ համաձայնություն ստանում են մի ձեւակերպման արարքի համար, դատարան են ներկայացնում այլ ձեւակերպմամբ միջնորդություն»: Ձեւակերպումների տարբերությունը, Սարգսյանի խոսքով, այն է, որ ԱԺ-ին ներկայացված միջնորդագրի մեջ գրված է, թե Գագիկ Ծառուկյանը խմբի կազմում անձամբ նաեւ կաշառք է տվել, իսկ դատարան ներկայացված միջնորդության մեջ գրված է՝ ղեկավարել է խումբ, որի շրջանակում տրվել է կաշառք:
Ավելին՝ Armtimes.com-ում։