Այսօր Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով նախատեսվում է քրեականացնել անձին ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելը կամ հարկադրելը: Սրա վերաբերյալ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
««…Խնդրում եմ, օգնեք գտնեմ երեխայիս, իմանամ, կենդանի՞ է նա արդյոք, թե ոչ: Տարիներ առաջ ես ստիպված էի հրաժարվել նրանից, քանի որ ամուսինս և նրա քույրը ասացին, որ տղաս առողջական խնդրով է ծնվել և չթողեցին, որ նրան վերցնեմ…»
Սա մի օրինակ է այն բազմաթիվ նամակներից, որ մենք ստանում ենք այն ծնողներից, որոնց ստիպել են հրաժարվել ծնողական իրավունքից և որոնց մենք այսօր օգնել չենք կարող, որովհետև նրանց երեխաներն արդեն ընտանիք ունեն և հաճախ ապրում են այլ երկրում:
Այսօր Ազգային Ժողովն ընդունեց «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքը: Կառավարության օրենսդրական նախաձեռնության նպատակն է ընտանիքի, մայրության, հայրության և մանկության պաշտպանությունը, երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովումը։


Այս նախագիծը խիստ կարևորում ենք նաև կանխարգելիչ միջոցառումների համատեքստում։ Մենք սկսել ենք երեխաների մուտքը հաստատությունների կանխարգելելու լայնամասշտաբ ծրագրեր։ Այն սկսվում է ծննդատնից, շարունակվում մինչև ծնողների հմտությունների ձեռքբերմանն ուղղված զբաղվածության ծրագրերով, ժամանակավոր կացարանի կազմակերպմամբ, հոգեբանի կամ սոցիալական աշխատողի միջոցով աջակցությամբ։ Այդ աշխատանքների արդյունքում, նախնական գնահատմամբ, 0-1 տարեկան երեխաների նկատմամբ ծնողական պարտավորություններից հրաժարվելը կտրուկ նվազել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ»: