pastinfo.am: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդության քննությունը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանին, սակայն դեռևս հայտնի չէ, թե երբ է նշանակվել դատական նիստը։ Այս մասին հայտնեց փաստաբան Էմին Խաչատրյանը։
Ռոբերտ Պապոյանը Շենգավիթի նստավայրի դատավորներից է, նրա վարկանիշը հունիսի 17-ի դրությամբ՝ 13 միավոր է։
Փաստաբանը տեղեկացրեց, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալու համար։ Խաչատրյանի խոսքով՝ Ծառուկյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
«Մեղադրանքն աբսուրդի ժանրից է, որևէ առնչություն չունի մեղադրանքի և քրեական գործերի հետ»,- ասաց փաստաբանը։
Խաչատրյանը նշեց, որ քննիչի միջնորդությունն անհիմն և չփաստարկված է, սակայն, նախաքննական գաղտնիքից ելնելով, այլ մանրամասներ չհայտնեց։ Հարցին, թե արդյո՞ք հասցրել են ծանոթանալ նյութերին, փաստաբանը պատասխանեց, որ ամբողջությամբ դեռևս չեն հասցրել ծանոթանալ, մոտ 150 էջանոց նյութերը ստացել են երեկ։