news.am: Սա գործընթաց է, որը մենք որեւէ կերպ չենք կարող վերահսկել: Մենք որեւէ բան չենք անելու, որով կվտանգենք մեր ազգաբնակչության առողջությունը, բայց եւ որեւէ դեպքում չենք կարող արգելել մեր քաղաքացիներին իրենց ազատ կամարտահայտումը իրականացնել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ԱԱԾ շեմքի մոտ ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը:
Գագիկ Ծառուկյանի որդու՝ քրեական գործով անցնելու հետ կապված Տոնոյանն ասաց, որ նա այլ գործով հարցաքննության ծանուցում է ստացել:
«Ես տեղյակ եմ, որ Նվեր Ծառուկյանը քրեական ուրիշ գործի շրջանակներում հարցաքննության ծանուցում է ստացել: Գագիկ Ծառուկյանին հրավիրում են հարցաքննության եւ րոպեներ անց նրա որդուն են այլ քրեական գործի շրջանակներում հրավիրում հարցաքննության»,-ասաց նա` նշելով, որ գործի մանրամասներին չի տիրապետում:
Իվետա Տոնոյանը լրագրողի հարցին ի պատասխան ասաց, որ Նվեր Ծառուկյանը երկրում է:
Նա հավելեց, որ իրադարձությունների զարգացմանը զուգընթաց իրենք իրենց ճանապարհային քարտեզը կգծագրեն: