hetq.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հունիսի 14-ի այցը Թուրքիա հետաձգվել է։ Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։ Ռուսական գերատեսչությունը նշում է, որ ավելի ուշ կհայտարարվի հանդիպման հետագա ժամկետների մասին։
«Աշխատանքները շարունակվում են։ Արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հանդիպման ժամկետները հավելյալ կհամաձայնեցվեն երկու երկրների միջև»,- նշվում է դիվանագիտական գերատեսչության հայտարարության մեջ։
Հանդիպման հետաձգման մասին հունիսի 14-ին հայտարարել է նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։ Թուրքական գերատեսչությունում նշել են, որ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը պայմանավորվել են երկու երկրների փոխնախարարների մակարդակով շարունակել շփումները։
Լավրովի և Շոյգուի Թուրքիա այցի մասին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր հունիսի 13-ին։ Այցի մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև։ Թուրքիայում նախարարները քննարկելու էին տարածաշրջանային խնդիրներ։ Թուրքական «Anadolu» գործակալությունը հայտնում է, որ քննարկման հիմնական թեման լինելու էր Լիբիայի հարցը։
Ավելի վաղ՝ հունիսի 10-ին, հեռախոսազրույց էր տեղի ունեցել Պուտինի և Էրդողանի միջև, որի ժամանակ կողմերը քննարկել էին Լիբիայում տիրող իրավիճակը և Սիրիական ճգնաժամը։