hetq.am: Սահմանափակելով հավաքների ազատությունը՝ երաշխավորում ես մարդու կյանքի և առողջության իրավունքը: Ազգային ժողովի հատուկ նիստին այսպիսի հայտարարություն արեց խորհրդարանի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով արտակարգ դրության ռեժիմի ժամանակ կիրառվող սահմանափակումներին:
Ըստ պատգամավորի՝ սահմանափակումները արդարացի են ինչպես արակարգ դրության ռեժիմի պարագայում, այնպես էլ դրանից դուրս, եթե առկա են անհրաժեշտ և համաչափ հիմքեր ժողովրդավարական հասարակություններում և նպատակ են հետապնդում պահպանել սահմանադրական արժեքներ:
Խոսելով քաղաքացիների տեղորոշման համակարգի և դրա վերաբերյալ ընդունված օրենսդրական ակտի քննադատությունների մասին՝ Վլադիմիր Վարդանյանն ընդգծեց, որ օրենքի տված հնարավորությունները շատ ավելի մեծ են, քան իրականում դրա կիրառումը:
«Եվրոպայի գրեթե բոլոր պետությունները այս կարգի տարատեսակ մեխանիզմներ են կիրառում»,- ասաց պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը:
Վերադառնալով հավաքների ազատության թեմային՝ Վլադիմիր Վարդանյանը հորդորեց այդ հարցով անհանգստացողներին դիմել իրեն և բացատրություն ստանալ՝ տարբեր երկրներում արտակարգ դրության ռեժիմի չարաշահումների և միջազգային կառույցների արձանագրած խախտումների մասին: