Ստամբուլի դատախազությունը «Հրանտ Դինք» հիմնադրամին սպառնալից նամակներ ուղարկած անձանցից մեկի համար պահանջել է մինչև 26 տարի 3 ամիս, մյուսի համար` մինչև 8 տարի 9 ամիս ազատազրկում |tert.am|

tert.am: Ստամբուլի պետական դատախազությունը իր կազմած մեղադրական եզրակացության մեջ  պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքի անվան հիմնադրամին և Հրանտ Դինքի կնոջը` Ռաքել Դինքին, մայիսի վերջին սպառնալից նամակներ ուղարկած անձանցից Հուսեյն Աթեշի համար պահանջել է  մինչև 26 տարի 3 ամիս ազատազրկում, իսկ Էրսին Բաշքանի համար` 8 տարի 9 ամիս ազատազրկում: Այս մասին տեղեկացնում է tr.sputniknews.com կայքը:

Օրերս «Հրանտ Դինք» հիմնադրամի փաստաբան Ֆեթհիյե Չեթինը հայտնել էր, որ Դինքի կնոջը և իրեն ուղղված նամակներում իրենց մահվամբ են սպառնացել: 

Գործը քննվել է Ստամբուլի պետական դատախազությունում, մեղադրանք է առաջադրվել «անանուն սպառնալից նամակ ուղարկելու» համար:

Նամակները Հուսեյն Աթեշի կողմից էլեկտրոնային փոստով ուղարկվել էին մայիսի 27-28-ին, մայիսի 30-ին էլ երկրորդ նամակն ուղարկվել էր Էրսին Բաշքանի կողմից:

Հրանտ Դինքի անվան հիմնադրամը հիմնվել է 2007թ.-ին Դինք ընտանիքի կողմից, հիմնադրամի նպատակն է նպաստել թուրք և հայ հասարակությունների միջև երկխոսությանն ու Հայաստան-Թուրքիա-Եվրոպա մշակութային փոխգործակցությանը:

Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով