armtimes.com: Վարակի դեմ առաջամարտիկ բուժաշխատողներից շատերն այսօր աշխատում են մեկուսացված պայմաններում: Իհարկե, նրանք դա անում են իրենց մասնագիտական ու մարդկային հատկանիշներից ելնելով: Սակայն կառավարությո՞ւնն ինչ աջակցություն է ցուցաբերում բժիշկներին, ի՞նչ միջոցներ ու երաշխիքներ են տրամադրվում այն բուժաշխատողներին, որոնց Առողջապահության նախարարությունը հրավիրում է աշխատանքի. այս հարցերն այսօր ԱԺ արտահերթ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն՝ առաջարկելով հստակ սոցիալական երաշխիքներ տրամադրել «էքստրեմալ պայմաններում աշխատող» բժիշկներին:
«Այդպես էլ արվում է,- պատասխանեց վարչապետը,- այդ հարցը քննարկվել է մի քանի անգամ: Առայժմ պոլիկլինիկական համակարգում այդ հարցով վերջնական լուծում չունենք, բայց դա էլ առաջիկայում պատշաճ լուծում կստանա, որովհետեւ պոլիկլինիկաները նոր են ներգրավվել պրոցեսի մեջ եւ այդ համակարգում որոշակի ճշգրտումների կարիք կա: Ինչ վերաբերում է կորոնավիրուսի հիվանդանոցային ծառայություններ մատուցող բժիշկներին, ամեն ինչ հենց այդպես էլ արվում է»:
«Ես խոսում եմ այն մասին, որ մենք հստակ ծրագիր ունենանք սոցիալական երաշխիքի, եւ ամսական հստակ նշված միջոցներ տրամադրելու տեսքով: Սա արդեն կհնչի՝ որպես սոցիալական երաշխիքի փաթեթ: Ոչ թե մենք տեղային տարբեր ձեւերով այդ հարցերին անդրադառնանք, լուծում տանք: Կարծում եմ՝ նման կարգավորման անհրաժեշտություն կա»,- արձագանքեց Մանե Թանդիլյանը՝ նշելով, որ իրենց հետ զրույցներում այդ խնդիրն են բարձրացրել նաեւ բժիշկներ:
Կարդալ ավելին՝ armtimes.com-ում։