Վարչապետը ներկայացրել է ԱԱԾ և ԶՈւ ԳՇ նորանշանակ ղեկավարներին |azatutyun.am|

azatutyun.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նորանշանակ տնօրեն Արգիշտի Քյարամյանին, Զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետ Օնիկ Գասպարյանին ներկայացրել է ԱԱԾ ղեկավար կազմին և սպայակազմին։

Ներկայացնելով Արգիշտի Քյարամյանին վարչապետը նշեց. «Ուզում եմ ընդգծել, որ Ազգային անվտանգության ծառայությունը ուժեղ, կայացած, դինամիկ կառույց է, բայց նաև պետք է արձանագրենք, որ մարտահրավերները և նրանց արձագանքելու տեմպը, արագությունը, որակը անընդհատ բարելավվելու և բարեփոխվելու կարիք ունեն: Պարոն Քյարամյանի առաջ ես հենց այդ խնդիրն եմ դրել, որպեսզի Ազգային անվտանգության ծառայությունը ավելի էֆեկտիվ կարողանա արձագանքել այն մարտահրավերներին, որոնք մենք ունենում ենք անվտանգության ոլորտում», – հայտարարեց վարչապետը:

Վարչապետը նշեց, որ այս երկու տարին բավարար ժամանակ էր, որպեսզի Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները «դիրքավորվեին ժողովրդի իշխանության և նրա արժեքների նկատմամբ»:

«Կարծում եմ՝ հիմա եկել է ժամանակը ամփոփելու, թե տրված հնարավորությունն ով ինչպես է օգտագործել և այս առումով պետք է հնչեն շատ կոնկրետ պատասխաններ: 2018 թվականին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը ստանձնելով ինձ համար կարևորագույն խնդիր է եղել հատկապես այնպիսի կառույցներում, ինչպիսին Ազգային անվտանգության ծառայությունն է, ուժային մարմիններն են, ապահովել համակարգերի կայունությունը», – ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը սպայական կազմին ներկայացնելով նորանշանակ ԶՈւ ԳՇ պետին՝ նշեց. «Ըստ էության կարող ենք ասել, որ զինվորականությունը որպես խավ կայացել է Հայաստանի Հանրապետությունում և զինվորականությունն այսօր մի մեծ ընտանիք է, որը մեր պետության ողնաշարի դերն է կատարում»:

Վարչապետն իր ելույթում նաև հավելեց. «Զինված ուժերի նկատմամբ հանրային վերաբերմունքը, հարգանքը գտնվում է հնարավոր ամենաբարձր մակարդակի վրա, և մեր խնդիրն է Զինված ուժերում ծառայության իմիջը հավասարեցնել կամ առնվազն էականորեն մոտեցնել Զինված ուժերի իմիջին: Զինվորականությունը պետք է մշտապես զգա իր կյանքում փոփոխություն, իր աշխատանքային կայանքում, իր սոցիալական երաշխիքներում պետք է զգա փոփոխություն»:

Վարչապետ Փաշինյանի առաջարկությամբ՝ նախագահ Արմեն Սարգսյանի երեկվա հրամանագրերով գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշանակվեցին Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գնդապետ Արգիշտի Քյարամյանը՝ ԱԱԾ տնօրեն, իսկ գնդապետ Վահե Ղազարյանը՝ Ոստիկանության պետ: Ուժային այս կառույցների այլևս նախկին ղեկավարները՝ Արտակ Դավթյանը, Էդուարդ Մարտիրոսյանն ու Արման Սարգսյանը նախագահի այլ հրամանագրերով ազատվեցին պաշտոններից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով