Նախ սկսենք Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքներով, գիտեք, որ օրենքի ուժով հունիսի 4-ին ավարտվեցին հանձնաժողովի աշխատանքները և պետք է սկսվի հաջորդ՝ զեկույցի պատրաստման փուլը։ Ամփոփելով կարող եմ ասել, որ ամբողջ աշխատանքները ընթացան կառուցողական, բայց վերջում կարծես թե, մեր գործընկերները փոխեցին իրենց որոշումը և մոտեցումը։ Այս մասին խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։ Վերջինս մանրամասնելով ասաց․
«Հայտնի պատճառներով մենք երկու նիստ բաց ենք թողել, իհարկե հետո բոլոր տեսագրություններին, ձայնագրությունների, նյութերին ծանոթացել ենք, ուսումնասիրել ենք դրանք, բայց չգիտես ինչու պարոն Անդրանիկ Քոչարյանը, երբ միայնակ կամ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ փորձում էր ամփոփել աշխատանքները՝ առանց դրանում ներգրավելու ընդդիմության որևէ ներկայացուցչի, նշեց, որ մենք այլևս հետաքրքրված չենք մասնակցելու աշխատանքներին, այդ պատճառով մեզ չեն ներգրավել այդ պրոցեսին։ Ասեմ, որ դա բացահայտ սուտ է, որովհետև հայտնի իրադարձություններից հետ, երբ մենք անցել ենք մեր բնականոն աշխատանքներին , մասնակցել ենք նիստին, որի ընթացքում քննարկել ենք առաջիկայում զրույց ունենալ Բակո Սահակյանի հետ։ Այդ զրույցի պլանավորման և իրականացման պրոցեսը տեղի է ունեցել առանց մեր գիտության, առանց մեր ներգրավման։
Սա միանշանակ գործընկերային և կառուցողական չէ։ Սա այն մենիշխանությունն է, որի մասին մենք խոսում ենք, և որին փաստացի բոլոր ոլորտներում ձգոտւմ են մեր գործընկերները։ Միայն այն փաստից հետո, երբ բազմաթիվ լրագրողներ ինձ հարցնում են, թե արյդո՞ք Բակո Սահակյանի հետ զրույց է տեղի ունեցել, պարոն Քոչարյանը բարեհաճում է տրամադրել, այն հարցաշարը, որը քննարկվել է պարոն Սահակյանի հետ։
Ո՛չ, սա բացառիկ դեպք էր, որ հարցաշարի կազմմանը, քննարկումներին ընդդիմությունը չի մասնակցել։ Այսքանով ամփոփելով ապրիլյան քննիչ հանձնաժողովի աշխատանքները ասեմ, որ թեև ընթացքը եղել է կառուցողական, բայց ունեմ մտավախություն, որ այսուհետ փորձվում է ընդդիմության ձայնը լռեցնել։ Ես հիասթափեցնելու եմ պարոն Քոչարյանին և այն մարդկանց, ովքեր դրդում են Քոչարյանին նման քայլերի, որ դա չի լինելու և ընդդիմությունը ամբողջ ծավալով շարունակելու է ներգրավված լինել բոլոր հարցերին»։