armtimes.com: Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը եւ նրա որդիները՝ Արտյոմ եւ Գուրգեն Խաչատրյանները դատի են տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նրա խոսնակ Մանե Գեւորգյանին եւ վարչապետի աշխատակազմին։
Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։
Հայցը ներկայացվել է հունիսի 2-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանին։
Նրանք պահանջում են՝ պարտավորեցնել պատասխանողներին՝ վիրավորանք հանդիսացող արտահայտության համար ներողություն խնդրել եւ զրպարտություն հանդիսացող տեղեկությունները հերքել։
Խաչատրյանների ներկայացուցիչ Արամ Օրբելյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ հայցի պատճառը Մանե Գեւորգյանի ապրիլի 28-ի գրառումն է։
«Խնդիրը Մանեւ Գեւորգյանի ֆեյսբուքյան հրապարակումն է, որից հետո նա վերահաստատել է, որ դա արվել է վարչապետի հետ համաձայնեցված եւ դա պետք է պաշտոնական դիտարկվի։ Հայցի առարկան ունի զրպարտության եւ վիրավորանքի էլեմենտ, ուստի պահանջում ենք ներողություն եւ հերքում։ Դրամական պահանջ չկա»,- ասաց Օրբելյանը։
Հիշեցնենք, որ այդ գրառման մեջ Գեւորգյանը նշել էր, որ Խաչատրյանի տարբեր պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ պատրաստակամություն է հայտնել վերադարձնել իրենց թալանածը։