tert.am: Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն այցելել է հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որը նախորդ շաբաթ հարձակման էր ենթարկվել: Այս մասին տեղեկանում ենք Ստամբուլի քաղաքապետի թվիթերյան էջից:
«Մենք այցելել ենք Քուզգունջուքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որը հարձակման էր ենթարկվել: Անկախ կրոնից և հավատքից՝ այդ հարձակումը մեր բոլորի դեմ է տեղի ունեցել: Ոչ ոք չի կարող մեր միասնությունը պառակտել»,-գրել է Իմամօղլուն:
Եկեղեցու հիմնադրամի ղեկավար Էդվարդ Այվազյանը քաղաքապետին է ներկայացրել հարձակման մանրամասները:
Իմամօղլուն իր ափսոսանքն է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ և դիմել է Այվազյանին. «Աղոթեք մեզ համար: Աղոթեք մեր առողջության, մեր ձեռքբերումների և այս քաղաքի գեղեցկության համար: Մեր սերն ու հարգանքը փոխանցեք ձեր ողջ համայնքին»: