armenpress.am: ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագծին, որով առաջարկվում է ստեղծել նոր՝ պարեկային ծառայություն, որը կփոխարինի այժմ գործող պարեկապահակային ծառայությանը և ճանապարհային ոստիկանությանը:
Նախագիծն ԱԺ նիստում կքննարկվի երկրորդ ընթերցմամբ:
Պարեկային ծառայությունն էականորեն տարբերվելու և փոխարինելու է այժմ գործող ոստիկանության երկու արտաքին ծառայություններին՝ պարեկապահակային ծառայությանը և ճանապարհային ոստիկանությանը: Պարեկային ծառայողների համալրումը տեղի է ունենալու բացառապես բաց մրցույթով, ծառայողների ընտրության և նրանց 5-ամսյա ծրագրով վերապատրաստման կրթական ծրագիր իրականացնելու արդյունքում:
Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանըհանձնաժողովի նիստում ներկայացրեց քննական գործընթացի մանրամասները:
«Մեկ ամսից ավելի կպահենք հայտարարությունը, որպեսզի հնարավորինս շատ մարդիկ հասցնեն դիմել: Հուլիս-սեպտեմբեր ամիսներին կանցկացնենք դիմումատուների քննական գործընթացը՝ առողջական վիճակի, ֆիզիկական վիճակի ստուգում, ընդհանուր կարողությունների ստուգում, հարցազրույց»,- ասաց Գրիգորյանը:
Ծառայությունն առաջին փուլով գործարկվելու է Երևանում մինչև 2021 թվականի առաջին եռամսյակը, այնուհետև ամբողջ հանրապետությունում՝ մինչև 2022 թվականի առաջին եռամսյակը: Նոր պարեկային ծառայությունն ունենալու է նոր համազգեստ, լրիվ նոր հագեցվածություն զենքի հատուկ միջոցներով, տրանսպորտային միջոցներով, տեխնիկական սարքավորումներով:
Նոր պարեկային ծառայության գործարկմանը զուգահեռ այս ծառայության արդյունավետությունն ապահովելու նպատակով ստեղծվելու է օպերատիվ կառավարման կենտրոն, որը զանգերի, ահազանգերի միասնական կառավարման գործառույթներից բացի, իրականացնելու է նաև ոստիկանության արտաքին ուժերի կառավարման գործառույթներ՝ ապահովելով ստացված ահազանգերի արագ սպասարկումը, քաղաքացիներին պրոֆեսիոնալ աջակցության և խորհրդատվության տրամադրումը և այլն: