tert.am: Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն իր թվիթերյան էջում տեղեկացրել է, որ թուրքական ոստիկանությունը ձերբակալել է ինչպես մի քանի օր առաջ Ստամբուլի Սկյուտար թաղամասում հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դարպասի վրայի խաչը պոկած և գետնին գցած անձին, այնպես էլ վերջին օրերին Հրանտ Դինքի հիմնադրամի աշխատակիցներին և Դինքի հարազատներին ու փաստաբանին մահվամբ սպառնացող սադրիչին:
«Քուզգունչուքում (Սկյուտար թաղամասի թուրքական անվանումն է) եկեղեցու խաչը կոտրած սադրիչը ձերբակալվել է 24 ժամվա ընթացքում: Ձերբակալվել է նաև Հրանտ Դինքի հիմնադրամին սպառնացող սադրիչը: Մենք չենք հանդուրժի սադրանքները: Վստահեք թուրքական ոստիկանությանը»,-գրել է թուրք նախարարը:
Սոյլուի հայտարարությանն անդրադարձել է Թուրքիայի Միլլի Մեջլիսի հայազգի պատգամավոր, քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանը:
«Մենք ձեզ չենք ասի կեցցեք, քանի որ դուք ձերբակալել եք երևույթների, որոնք դուրս են եկել ձեր իսկ ստեղծած ատելության ճահճից: Այս հարձակումները հետևանքն են ձեր վարած ատելության քաղաքականության: Վերջ դրեք ատելության քաղաքականությանը»,-գրել է Փայլանը իր ֆեյսբուքյան էջում: