Մայիսի 26-ին տեսակապի ձևաչափով տեղի ունեցավ ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը:
ԱԳ նախարարները քննարկեցին ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության ամրապնդմանը, միջազգային և տարածաշրջանային զարգացումներին, անվտանգության ժամանակակից մարտահրավերներին ու սպառնալիքներին համատեղ հակազդեցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Իր խոսքում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը Կազմակերպության շրջանակներում փոխգործակցության խորացմանը՝ ուղղված արտաքին քաղաքական համադրման արդյունավետության բարձրացմանը, պաշտպանական բաղադրիչի, սպառնալիքներին և մարտահրավերներին հակազդման մեխանիզմների ամրապնդմանը:
Անդրադառնալով նոր տիպի կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված միջազգային հանրության առջև ծառացած մարտահրավերներին՝ նախարար Մնացականյանը, մասնավորապես, նշեց. «Համավարակի և դրա հետևանքների դեմ պայքարում անհրաժեշտ են միջազգային հանրության միասնական և համակարգված գործողություններ: Մենք մեր լիակատար համերաշխությունն ենք հայտնում մեր դաշնակիցներին համավարակի դեմ պայքարում և պատրաստ ենք կողք կողքի աշխատել բոլոր ուղղություններով՝ բոլոր բացասական հետևանքները հաղթահարելու և մեր պետությունների կայուն զարգացումն ապահովելու համար»: