Այս պահին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում կորոնավիրուսով վարակված 8 հիվանդ կա և 46 ինքնամեկուսացված աշխատակից: Տեղեկատվությունը ներկայացրել է նախարարությունը:
Հայաստանում համավարակի տարածման առաջին օրվանից սկսած, արտակարգ դրության ամբողջ ընթացքում, ԱԻ նախարարության բոլոր ստորաբաժանումներն իրականացրել են թիրախային կանխարգելիչ միջոցառումներ: Խստագույնս պահպանվել են պարետատան նախանշած ուղղություններով բոլոր հանձնարարականները, դիմումներն ընդունվել են բացառապես առցանց, առավելագույն ծավալով աշխատանքը կազմակերպվել է հեռավար:
Ամենօրյա ռեժիմով ջերմաչափվել են բոլոր աշխատակիցները, դիմակների և ձեռնոցների կրումը եղել է պարտադիր: Աշխատասենյակներում, ճաշարանում և մյուս վայրերում պահպանվել է սոցիալական հեռավորություն:
Կանխարգելիչ միջոցառումներին զուգահեռ, նախարարությունում իրականացվում են շինարարական և ներքին հարդարման աշխատանքներ, որպեսզի ԱԻՆ-ականներն աշխատեն հարմարավետ լուսավոր պայմաններում՝ որոշակիորեն թոթափելով առկա հոգեբանական լարվածությունը: