Առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) հաստատությունները, կորոնավիրուսային հիվանդության կասկածելի դեպք հայտնաբերելիս, ՀՀ ԱՆ 2020 թվականի հունվարի 31-ի թիվ N 336-Ա հրամանով հաստատված ուղեցույցի համաձայն, կազմակերպում են նմուշառում և ուղեգրում թեստավորման:
Այնուհետև ԱԱՊ բժիշկը կապ է հաստատում COVID-19 հաստատված պացիենտի հետ, ճշտում գանգատները, ուղեկցող հիվանդությունները: Ելնելով պացիենտի գանգատներից՝ նա որոշում է կայացնում տնային այցելության մասին` տեղում գնահատելու պացիենտի ծանրության աստիճանը, որի հիման վրա դիտարկվում է նաև հոսպիտալացման անհրաժեշտութունը: Այս մասին նշված է մայսի 25-ին՝ Առողջապահության նախարարության կողմից արված հայտարարության մեջ։
Այսօր hetq.am լրատվական կայքի հետ զրույցում փաստաբան Ինեսսա Պետրոսյանը նշել էր, որ առաջնային բժշկական օղակում միանգամայն անպատրաստ են վիրուսակիրների հետ աշխատանքին և չափազանց շփոթված վիճակում են: Վերջինս հավելել էր նաև, որ իր իր առողջական վիճակը վատթարացել է, իսկ հիվանդանոցներում չեն իրականացնում համապատասխան բուժզննում։ Փաստաբանը հաղորդել էր, որ արդեն 18 օր է, ինչ պառկած է տանը, սակայն ոչ ոք չի հետաքրքրվել իմ վիճակով:
infocom.am-ի հետ զրույցում Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը նշեց, որ վարակակիրների ՝ տանը բուժվելու գործընթացը կարգավորվում է նախարարի հրամանով։
«Կան հատուկ կրիտերիաներ, որոնց հիման վրա միայն կարող է վարակակիրը հոսպիտալացվել։ Դա մենք մամուլի հաղորդագրության տեսքով ենք նաև տարածել, թե որ դեպքում է ընդհանրապես հոսպիտալացումը կատարվում»,- ասաց Նիկողոսյանը։
Անդրադառնալով փաստաբանի այն դիտարկմանը, որ իր տարեց ծնողները չեն թեստավորվել անգամ վերջինիս խնդրանքից հետո, ԱՆ խոսնակը պատասխանեց, որ թեստավորման կրիտերիաները նույնպես հստակեցված են, և որևէ մեկը ուղղակի, կամայական թեստավորման չի ենթարկվում։
«Թեստավորումը տրվում է պոլիկլինիկայի ցուցումով, երբ համապատասխան ախտանիշներ են ի հայտ գալիս, որը թեստավորելու հիմք է ծառայում։ Իսկ ուղղակի, կամայական որևէ մեկին թեստավորում չի կատարվում։ Նորից եմ կրկնում, որ մեն ինչը կարգավորվում է նախարարի հրամանով, որը թե՛ հրապարակել ենք մեր կայքում, թե՛ տեղեկացրել ենք հանրությանը»,- տեղեկացրեց Նիկողոսյանը։
Վերջինս հավելեց, որ տանը բուժվող վարակակիրները իրենք պետք է կապի մեջ լինեն պոլիկլինիկայի բժշկի հետ։ Նիկողոսյանը նաև ընդգծեց, որ անցած շաբաթվանից արդեն սկսվել են տնային բուժումները, և պոլիկլինիկաները տեղյակ են, թե ինչպես պետք է գործեն։
«Պոլիկլինիկաները ապահովված են նաև առաջին օգնության բավարար միջոցներով։ Բոլոր պոլիկլինիկաները պատրաստ են ընդունելու կորոնավիրուսով վարակված քաղաքացիներին»,- եզրափակեց ԱՆ խոսնակը։