ՀՀ Վճռաբեկ դատարանն այսօր արդարացրեց Մարտի 1-ի գործով 9 դատապարտյալի՝ այդպիսով բավարարելով Գլխավոր դատախազության բողոքները:
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջով հայտնում է, որ այսօր կայացրած որոշումներով Վճռաբեկ դատարանն ամբողջությամբ բավարարել է 2008 թվականի նախագահական ընտրություններին նախորդող և հաջորդող ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձություններին վերաբերող քրեական գործերով 9 անձի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռների դեմ ՀՀ գլխավոր դատախազի կողմից բերված բողոքները:
Մասնավորապես, բավարարվել են ՀՀ գլխավոր դատախազի բողոքները՝ ՀՀ Վճռաբեկ դատարանն իր որոշումներով ճանաչել է Արմեն Ավագյանի, Մասիս Այվազյանի, Կարեն Թարխանյանի, Դավիթ Աղայանի, Վարդան Ջհանգիրյանի, Արման Շահինյանի, Դավիթ Մաթևոսյանի, Խաչիկ Գասպարյանի և Սամվել Հարությունյանի անմեղությունը իրենց մեղսագրված արարքներում և հանցակազմի բացակայության հիմքով կարճել է նրանց վերաբերյալ քրեական գործերի վարույթները:
Մարտի 1-ով դատապարտյալ Արամ Բարեղամյանի վերաբերյալ գործով էլ Վճռաբեկ դատարանը մասնակի է բավարարել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը, բեկանել կայացված դատական ակտերը եւ որոշել քրեական գործն ուղարկել Ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության: Այս գործով ևս ՀՀ գլխավոր դատախազությունը խնդրել էր կայացնել արդարացման դատական ակտ: