hetq.am: Չինաստանի հյուսիս-արևելքում կորոնավիրուսի նոր բռնկման պատճառով 108 միլիոն մարդ դարձյալ հայտնվել է կարանտինում։ Այդ մասին հայտնում է «Bloomberg» գործակալությունը։
Կարանտին է հայտարարվել Ցզիլին և Լյաոնին պրովինցիաներում։ Մասնավորապես, սահմանափակումների տակ են հայտնվել Ցզիլին (համանուն պրովինցիայի կենտրոնը) և Շուլան քաղաքները։ Վերջինս համարվում է կորոնավիրուսի նոր բռնկման օջախը։
Առողջապահական ոլորտի պետական ծառայողները դեռևս հստակ չգիտեն, թե ինչն է դարձել նոր բռնկման պատճառը, սակայն ենթադրում են, որ վիրուսի աղբյուր կարող էին հանդիսանալ Ռուսաստանից ժամանած քաղաքացիները։ Ցզիլին պրովինցիան, որտեղ գտնվում է Շուլան քաղաքը, սահմանակից է Ռուսաստանի Պրիմորիեի երկրամասին։
Ինչպես հայտնում է «South China Morning Post»-ը, Շուլանում կարանտին է հայտարարվել մայիսի 18-ին։ Այնտեղ սահմանափակվել է հանրային տրանսպորտի աշխատանքը, մարդկանց փողոց դուրս գալը և քաղաքը լքելը։ Քաղաքային իշխանություններից հեռացվել են 6 պաշտոնյաներ, ներառյալ Չինաստանի կոմկուսի տեղական վարչության ղեկավարը։
Չինաստանի հյուսիս-արևելքում կորոնավիրուսի նոր դեպքերը հայտնաբերվել են մոտ երկու շաբաթ առաջ։ Մայիսի 18-ի տվյալներով՝ Ցզիլին պրովինցիայում հայտնաբերվել է COVID-19-ի 34 դեպք, իսկ Լյաոնին պրովինցիայում՝ 3 դեպք։ Ավելի վաղ, Չինաստանի կառավարության կորոնավիրուսի դեմ պայքարի հարցերով ավագ խորհրդական Չժուն Նանշյանը «CNN»-ին հայտարարել էր, որ Չինաստանի բնակչության մեծ մասը շարունակում է մնալ խոցելի՝ վիրուսի տարածման տեսանկյունից, ինչը մեծացնում է երկրում տարածման նոր ալիքի հավանականությունը։