tert.am: Գերմանիան և Ֆրանսիան առաջարկում են եվրոպական տնտեսության վերականգնման հիմնադրամ ստեղծել՝ ընդհանուր 500 մլրդ եվրո ծավալով:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, նման հայտարարությամբ այսօր հանդես է եկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցությունների ավարտին:
«Կորոնավիրուսի համավարակն ամենածանր ճգնաժամն է ԵՄ պատմության մեջ: Նման ճգնաժամը համապատասխան պատասխան է պահանջում»,- ասել է Մերկելը: Նրա խոսքով՝ Բեռլինը և Փարիզը ցանկանում են գործել միասին Եվրամիության մյուս երկրների հետ։
«Մենք նշել ենք, որ տնտեսության վերականգնման հիմնադրամի կարիք ունենք: Գերմանիան և Ֆրանսիան ակտիվ քննարկումներ են ունեցել, թե ինչպիսին պետք է լինի այդ հիմնադրամը: Կարևոր է արագ վերականգնել տնտեսությունը: Այդ առնչությամբ մենք ցանկանում ենք սեղմ ժամկետներում ստեղծել 500 մլրդ եվրո ծավալով հիմնադրամը, որը ԵՄ բյուջեի միջոցները պետք է հատկացնի առավել տուժած շրջաններին և հատվածներին»,- հավելել է կանցլերը: