Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ինչպես արդեն հայտնի է, ՀՀ Պարետի ցուցումով, այսօրվանից գործում են նախադպրոցական հաստատությունները, նախակրթարանները:
Անցնող մի քանի օրերի ընթացքում մեր մարզի համայնքներում ակտիվ նախապատրաստվել են` մանկապարտեզ հաճախող փոքրիկներին հավուր պատշաճի և սահմանված նորմերին համապատասխան ընդունելու նպատակով:
Նշեմ, որ մեր աշխատակազմի և մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներից կազմված են հսկողություն իրականացնող խմբեր, որոնք նաև իրականացնելու են անակնկալ ստուգայցեր մարզի նախադպրոցական հաստատություններ և նախակրթարաններ` իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով:
Այսպիսով, ևս մեկ անգամ հորդորում և խնդրում եմ
- առավելագույն զգուշավորությամբ կազմակերպել նախադպրոցական կրթության գործընթացը` հետևելով Պարետատան ցուցումներին
- Բացառել երեխային ուղեկցող անձի մուտքը նախադպրոցական կրթական հաստատություն
- Բացառել նախադպրոցական կրթական հաստատության շենքին հարակից տարածքներում մարդկանց կուտակումները
- Երեխաների խնամքի և կրթության գործընթացը կազմակերպել բեռնաթափված խմբերով՝ դրանք դարձնելով 10-12 հոգանոց և ապահովելով խաղալու, պարապմունքների, սննդի և քնի ժամանակ երեխաների միջև 1.5-2 մետր սոցիալական հեռավորություն
- Ժամանակավորապես սահմանափակել նախադպրոցական կրթական հաստատություն հաճախելիությունը՝ առաջնահերթություն տալով այն երեխաներին, որոնց տնային խնամքը գործնականում հնարավոր չէ ապահովել ծնողների կամ խնամակալների աշխատանքը հեռավար ձևով կազմակերպելու անհնարինությամբ կամ այլ օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված»։