pastinfo.am: Այս գումարման Ազգային ժողովի ձևավորման առաջին օրվանից ծնունդ է առել մի քաղաքական համատեքստ, որը հետևյալն է՝ տպավորություն ստեղծել, որ ԱԺ-ն պրոֆեսիոնալ չէ, անլուրջ է, որ այստեղ ամբողջ օրն անիմաստ խոսակցություններով են զբաղված, որ այս ԱԺ պատգամավորները չեն տարբերվում նախկին պատգամավորներից և տրամաբանական է, թե ում էր ձեռնտու ստեղծել այս համատեքստը։ Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով հարցին արդյո՞ք ունեն փաստեր, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը համագործակցում է նախկին իշխանությունների հետ։
Պատգամավորի խոսքով՝ սա ձեռնտու է նախկին իշխանություններին, որոնք չեն անցել ԱԺ. «Եթե համադրենք մի քանի համատեքստ, կստացվի, որ վերջին շրջանում «Լուսավոր Հայաստան»-ը կամա թե ակամա գտնվում է այս համատեքստում, որովհետև այլ կերպ, քան ԱԺ-ի ապալեգիտիմացման փորձ հնարավոր չէ անվանել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի և առանձին պատգամավորների վերջին շրջանի պահվածքը։ Փաստ է, որ մի օր ԱԺ-ում են հայհոյում, մի օր ԱԺ-ից դուրս են հայհոյում»,-ասաց Ռուբեն Ռուբինյանը՝ նշելով, որ ժամանակն է վերջ տալ այս թեմայի քննարկմանը։