shantnews.am: Բելառուսում թափ է հավաքում կորոնավիրուսի դեպքերի տարածումը։ Վերջին մեկ օրվա ընթացքում այդ երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 951 նոր դեպք, ինչից հետո վարակման դեպքերի ընդհանուր քանակը հասել է 22 հազար 52-ի։ Այս մասին հայտնում է ռուսական RT կայքը։
Մեկ օրվա ընթացքում այնտեղ կորոնավիրուսային հիվանդության բարդացումներից մահացել է հինգ մարդ։ Մահացածների ընդհանուր թիվը դրանից հետո հասել է 126-ի։
Չնայած այս տվյալներին՝ երկրի նախագահը շարունակում է յուրովի պայքարել կորոնավիրուսի տարածման դեմ։ Բելառուսում մինչև հիմա արտակարգ դրություն չի հայտարարվել, իսկ երկրի իշխանությունները խուսափում են համատարած սահմանափակումներից։
Ավելին, Բելառուսի նախագահը հայտարարել է, որ իրենք չեն հետաձգելու նաև նախագահական ընտրությունները։ Դրանք անցկացվելու են այս ամառվա ընթացքում։