Երևանի Տիգրան Մեծի պողոտայում՝ Հանրապետության հրապարակի հարեւանությամբ գտնվող պատմամշակութային արժեք ներկայացնող շենքի ճակատային հատվածում սեփականատերը աշխատանքներ է իրականացրել (շվաքարան է տեղադրել եւ փորձել ներկել ճակատը) առանց համապատասխան թույլտվության: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
«Քաղաքապետարանի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության աշխատակիցները տեղում վարչական ակտ են կազմել՝ պարտավորեցնելով դադարեցնել աշխատանքները եւ հանել շվաքարանը:
Յուրաքանչյուր վերակառուցում, լինի պատուհանների փոխում, շվաքարանի տեղադրում, օդորակիչի տեղադրում և այլն, պետք է իրականացվի ԿԳՍՄ համապատասխան ստորաբաժանման եզրակացության հիման վրա եւ Երեւանի քաղաքապետարանի թույլտվությամբ:
Օրենսդրության պահանջների հետագա անտեսումը կարող է քրեական պատասխանատվություն առաջացնել:
Շնորհակալություն Տիգրան Գալստյանին՝ խնդրի վրա ուշադրություն հրավիրելու համար: Ի դեպ, լուսանկարում երեւացող պատշգամբը կառուցվել (վերանորոգվել) է տարիներ առաջ»,- գրել է նա: