tert.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ 108 հավանական պատվաստանյութեր են մշակվում ողջ աշխարհում: Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով համաշխարհային կազմակերպության կայքում հրապարակված փաստաթղթերը:
Ինչպես նշվում է, դրանցից 8-ը կլինիկական փորձարկումների ենթարկվելու հավանություն են ստացել:
Առողջապահության ազգային ինստիտուտը մարտի 16-ին առաջինն է ԱՄՆ-ում սկսել փորձարկումներ անել մարդկանց վրա: Ինստիտուտում կլինիկական փորձարկումների է ենթարկվում mRNA-1273 պատվաստանյութը, որն ստեղծել է հայտնի ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանի Moderna ընկերությունը:
Տարբեր գիտական խմբեր աշխարհի մի շարք երկրներում գտնվում են նախակլինիկական փորձարկումների փուլում: Նրանց թվում են Տոկիոյի համալսարանը, Թուլանի համալսարանը, Ալբերտայի համալսարանը և Փիթսբուրգի համալսարանը: Ընդհանուր առմամբ, պատվաստանյութի մշակման ուղղությամբ 100 խումբ է աշխատում՝ ըստ ԱՀԿ-ի: