Ազգային ժողովը քննարկում է կառավարության կողմից ներկայացված «Նախադպրոցական կրթության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջովին ընդունելու մասին հարցը։
Նախագծի հիմնական զեկուցողը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն է։
Նախարարը նշեց, որ ԱԺ ԿԳՄՍԵ մշտական հարցերի հանձնաժողովի հետ արդյունավետ աշխատանք է իրականացվել և տեղի են ունեցել խմբագրումներ։ Նախարարի խոսքով արված փոփոխությունները հեղափոխական են ոլորտի համար։ Այս օրենքը բավականին լուրջ փոփոխություններ է նախատեսում նախադպրոցական կրթության ոլորտում։
« Սահմանվել են նախադպրոցական կրթության բնագավառում պետական քաղաքականությունը և պետական քաղաքականության սկզբունքները։ Տարանջատվել են նախադպրոցական կրթության խնդիրները, նպատակները։ Մասնավորապես, որպես խնդիր ավելացվել են նախադպրոցական կրթության հանրային նշանակության բարձրացումն ու որակի բարելավումը։ Որակյալ նախադպրոցական կրթություն տրամադրելու հավասար հնարավորությունների՝ ներառականության և մատչելիության ապահովումը խելամիտ հարմարությունների միջոցով»,- առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում արված փոփխությունների մասին նշեց նախարարը։
Հարությունյանի խոսքով ամրագրվել են նախադպրոցական հաստատություն ընդունվելու առաջնահերթության իրավունքից օգտվող խմբերը՝ առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն, երեք և ավելի երեխա ունեցող, զինծառայող ծնողի կամ ծնողների երեխաները և այլն ։ Նկարագրվել է նախադպրոցական կրթական ծրագրերի բաղադրիչները։
«Նախադպրոցական երեխաների բժշկական սպասարկման մասով ավելացվել է դրույթ, համաձայն որի նախադպրոցական ուսումնական հաստատությունը ապահովում է սաների առաջնային բուժսպասարկումը և հսկողությունը։ Վերանայվել է նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպման վերաբերյալ հոդվածը, ավելացվել են երեխաների իրավունքների դրույթներ։ Սահմանվել են ուսումնական հաստատության մանկավարժական բուժզննությունը, տարեկան առնվազն մեկ անգամ, պարտադիր վերապատրաստումը տարեկան մանկավարժական աշխատատեղերի մեկ- հինգերորդը»,- տեղեկացրեց նախարարը։
Վերջինս նշեց, որ ամրագրվել է նաև նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման դրույթը, որով ուսումնական հաստատության տնօրենի թափուր տեղի համար կարող է դիմել, իսկ ընտրվելու դեպքում մասնակցել հայտարարված մրցույթին կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանված կարգով վերապատրաստված և ղեկավարման իրավունք, հավաստագիր ստացած անձը։
«Նախագծում նկարագրվել են նաև տնօրենի գործառույթները, հաստատության զարգացման ծրագիր ունենալու պահանջը, նկարագրվել են նախադպրոցական ուսունական հաստատության տեսակները, լրամշկվել են նախադպրոցական կրթության բնագավառի մարմինների և նրանց իրավասությունների դրույթները։Ավելացվել են նախադպրոցական ուսումանկան հաստատության գործունեության գնահատման դրույթները, մասնավորապես կիրականացվի ներքին և արտաքին գնահատում»,- եզրափակեց Արայիկ Հարությունյանը։