Նոր Գյուղ բնակավայրի նախկին մանկապարտեզի շենքում երկար տարիներ բնակվող մի քանի ընտանիքների սեփականության իրավունքի իրացման հարցը հանգուցալուծում կստանա

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մեր համայնքներում առկա խնդիրների լուծման տեսանկյունից չափազանց կարևոր է տարածքային կառավարում-տեղական ինքնակառավարում համակարգված փոխգործակցությունը, որի արդյունքում հնարավոր է լուծել տասնամյակներով չլուծված և կյանքի որակի վրա ուղղակիորեն ազդող բազմաթիվ խնդիրներ:

Նախօրեին անակնկալ այցով Ակունք համայնքի Նոր Գյուղ բնակավայրում էի, որտեղ համայնքապետի և վարչական ղեկավարի ուղեկցությամբ այցելեցի նախկին մանկապարտեզի շենքում բնակվող մի քանի ընտանիքների՝ նրանց հետ քննարկելու իրենց բնակության վայրի օրինականացման հարցը:

Այդ համատեքստում ամենամոտ ժամանակահատվածում հանգուցալուծում կստանա Ակունքի Նոր Գյուղ բնակավայրի նախկին մանկապարտեզի շենքում երկար տարիներ բնակվող մի քանի ընտանիքների սեփականության իրավունքի իրացման հարցը:

Պետք է ընդգծել, որ նախկին համայնքապետի թողտվությամբ այդ ընտանիքները առանց սեփականության փաստաթղթերի և տարածքը տնօրինելու իրավունքի երկար տարիներ բնակվում են նշված հասցեում:

Քննարկումների արդյունքում որոշում է կայացվել համայնքի կողմից նախկին մանկապարտեզի շենքն աճուրդի հանելու եղանակով մեր գյուղաբնակ քաղաքացիներին հնարավորություն տալ օրինականացնելու կացարանները՝ հետագայում սեփականության իրավունքի հետ կապված բազմաթիվ խնդիրներ բացառելու նպատակով:

Ըստ այդմ, շենքի ու հարակից հողամասերի գործառնական նշանակությունը օրենքով սահմանված կարգով կփոխվի և այն կվերագրանցվի որպես 10 ընտանիքի համար նախատեսված՝ բնակելի շինություն կից հողամասերով։

Շենքի շրջակայքում նրանց կտամադրվի նաև հողատարածք, որը կարող են մշակել, զբաղվել այգեգործությամբ ու այսպիսով հոգալ իրենց կարիքները:

Եվ ինչն ամենակարևորն է՝ աճուրդից գոյացած ֆինանսական միջոցները կուղղվեն գյուղի դպրոցի անմիջական հարևանությամբ, ազատ պետական սեփականություն հանդիսացող տարածքում մանկապարտեզի նոր շենքի կառուցմանը:
Ի դեպ, մանկապարտեզի՝ նոր և ժամանակակից չափորոշիչներին համապատասխանող շենքի կառուցման համար արդեն սուբվենցիոն հայտ է ներկայացվել ՀՀ Կառավարություն:

Հիշեցնեմ, որ բնակավայրը տասնամյակներով մանկապարտեզ չի ունեցել, իսկ վաղ 80-ականներին կառուցված շենքը կիսալքված վիճակում ծառայել է մի քանի ընտանիքների համար որպես ժամանակավոր կեցավայր:

Սիրելի՛ կոտայքցիներ, մեր բոլոր որոշումներն ու քայլերը ուղղված են բացառապես մեր քաղաքացիների արժանապատիվ ու բարեկեցիկ կյանքի իրավունքի իրացմանը:
Օրենքի գերակայության և էտալոնային Կոտայք ունենալու ենք»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով