armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն անընդունելի է համարում, որ կառավարությունը բյուջեի գումարները տեղաբաշխելու, միջծրագրային փոփոխություններ անելու հնարավորություն ունենա՝ առանց ԱԺ-ի միջամտության, հավանության: Թանդիլյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի քննարկմանն իր ելույթում:
«Այս նախագծով պակասուրդի չափն ավելացել է՝ հասցվելով 324 մլրդ դրամի: Եվ ահա այդ սահմաններում կառավարությունը կարող է կատարել միջծրագրային փոփոխություններ՝ առանց սահմանափակման: Այսինքն՝ եթե մինչև այդ կար 3 տոկոս սահմանափակումը, հիմա այն չկա, կարող է տեղաբաշխումներ անել, ծրագրեր, միջոցառումներ անել, որոնց մասին դուք պոստ ֆակտում կիմանաք կամ ոչ»,-ասաց Թանդիլյանը:
Պատգամավորը կարծում է, որ արտակարգ դրությունը կավարտվի, բայց այս կարգավորումը կմնա, և մինչև տարվա վերջ կառավարությունն ինչպիսի միջոցառում ուզի, կանի և իշխանական պատգամավորները կհավատան, կվստահեն կառավարության գործընկերներին:
«Մենք որպես ընդդիմություն չպետք է հավատանք ու վստահենք, պետք է համոզվենք: Ակնհայտորեն կան միջոցառումներ, որոնք կարող են կապ չունենալ կորոնավիրուսի հետ: Ինչո՞ւ մենք այստեղ՝ ԱԺ-ում չքննարկենք ու չբացահայտենք խոցելի հատվածները, հարկաբյուջետային կանոնի պահպանման խախտումը: Ես պնդում եմ, որ մենք որևէ պարագայում, անգամ արտակարգ դրության պայմաններում չպետք է թույլ տանք կառավարությանը անել ծրագրեր, տեղաբաշխել բյուջեի գումարները՝ առանց ԱԺ-ի միջամտության»,-ասաց նա: