Քոչարյանին մեղսագրվող 300.1 հոդվածի սահմանադրականության հարցի քննումն իրավաչափ է |fip.am|

fip.am: Նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը hուլիսի 14-ին Հանրային հեռուստաընկերությունում հարցազրույցի ժամանակ հայտարարեց, որ Սահմանադրական դատարանը չպետք է քննության առներ սահմանադրական կարգը տապալելու՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը։

«Սահմանադրական դատարանն իր այս որոշմամբ ապացուցեց, որ շահագրգռված է այս գործով, հակառակ պարագայում առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանված է, իսկ նրանք դիմումը վարույթ են ընդունում և քննության օր սահմանում»,- ասաց Ջհանգիրյանը։

Նախկին զինվորական դատախազը պնդեց, որ ՍԴ-ն, փաստորեն, այս գործը քննում է իր նախաձեռնությամբ, որովհետև դիմող կողմ չկա։ «Վերաքննիչում դիմող կողմի դիրքորոշումը պարտվել է, և դատարանը վերադարձրել է առաջին ատյանի քննության»,- նշեց Ջհանգիրյանը։ 

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 20-ին կասեցրել էր Ռոբերտ Քոչարյանի և մյուսների քրեական գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան։ Գրիգորյանը Բարձր դատարանից խնդրել էր որոշել Քոչարյանին մեղսագրվող՝ սահմանադրական կարգը տապալելու մասին հոդվածի սահմանադրականությունը։

Հունիսի 25-ին Վերաքննիչ դատարանը բեկանել էր Դավիթ Գրիգորյանի՝ Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ կայացրած որոշումը և համապատասխան քրեական գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։

Սակայն հուլիսի 8-ին ՍԴ-ն, աշխատակարգային որոշմամբ, մասամբ վարույթ է ընդունել Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի` Սահմանադրությանը համապատասխանելու վերաբերյալ Դավիթ Գրիգորյանի դիմումը։ Գործի դատաքննությունը նշանակված է օգոստոսի 20-ին։

Ըստ Ջհանգիրյանի, ՍԴ-ն իրավունք չուներ վարույթ ընդունելու այս դիմումը։
«Տվյալ պահին գործի քննությունը (ՍԴ-խմբ.) կատարվում է իր նախաձեռնությամբ, որովհետև դիմող կողմ չկա։ Վերաքննիչում դիմող կողմի դիրքորոշումը պարտվել է»,- հայտարարեց նա։

Իսկապես, Սահմանադրական դատարանի մասին օրենքի համաձայն (հոդված 22), ՍԴ-ն գործի քննություն է սկսում, երբ կա համապատասխան դիմում։ Ու չնայած մայիսի 20-ին ՍԴ ուղղված Դավիթ Գրիգորյանի դիմումը բեկանվել է Վերաքննիչ դատարանի կողմից, սակայն ՍԴ օրենքում չկա որևէ դրույթ, որն արգելում է Բարձր դատարանին քննել դիմումը, որն իրենից ներկայացնում է բեկանված դատական ակտ։

ՍԴ օրենքի 29-րդ հոդվածում նշվում են այն հիմքերը, որոնց առկայության դեպքում Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում։ Օրինակ՝ եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին, կամ դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան, կամ երբ առաջադրված հարցի վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի որոշում և այլն։

Օրենքը նաև հստակ նշում է այն հիմքերը, որոնց առկայության դեպքում դիմողը կարող է հետ վերցնել Սահմանադրական դատարան ներկայացված դիմումը մինչև գործի դատաքննությունն սկսվելը (հոդված 30)։ Սակայն Դավիթ Գրիգորյանն իր դիմումը հետ չի վերցրել։

Բացի այդ, պետք չէ մոռանալ, որ դեռևս առկա է դատական ակտի բողոքարկման իրավունքը, և Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կարող է և իրավունք ունի Վճռաբեկ դատարանում բողոքարկելու Վերաքննիչի կայացրած այս դատական ակտը (Քր․ դատ․ հոդված 404)։

Այսպիսով, Սահմանադրական դատարանի կողմից վերաքննիչ ատյանի կողմից հունիսի 25-ին բեկանված որոշումը վարույթ ընդունելը հակաօրական չէ, քանի որ դիմումը Վերաքննիչ դատարանի դատավորի կողմից հետ չի վերցվել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով