news.am: Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Տիգրան Սահակյանի նախագահությամբ, մերժել է Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի կալանքի ժամկետը եւս երկու ամսով երկարացնելու որոշման դեմ պաշտպանի բողոքը: Այս մասին ասաց Վերմիշյանի պաշտպան Մուշեղ Առաքելյանը։
Առաքելյանը հայտնեց, որ պատրաստվում է վճռաբեկ բողոք ներկայացնել դատարանի որոշման դեմ։
Նա հայտնեց, որ բողոքի հետ միաժամանակ ներկայացրել են ԵԽ-ի՝ համավարակով պայմանավորված կալանավորին ազատ արձակելու հայտարարությունը. «Վերմիշյանը տարիքային առումով ռիսկային խմբում է գտնվում։ Դա նույնպես բարձրաձայնել եմ դատարանում»։
Նշենք, որ Վերմիշյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար:
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին առաջադրված՝ կաշառք ստանալու վերաբերյալ քրեական գործով մեղադրանք էր առաջադրվել եւս 6 անձի։ Դատարանի որոշման հիման վրա` նրանցից երեքի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Նույն քրեական գործով անցնում է նաեւ Երեւանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը, որի նկատմամբ դատարանը կիրառել էր այլընտրանքային խափանման միջոց՝ գրավը: