ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև։
«Կորոնավիրուսի համավարակը ավելին է, քան միայն հանրային առողջապահական ճգնաժամ։ Դա տնտեսական, հասարակական, մարդկային ճգնաժամ է, որը շատ արագ վերածվում է մարդու իրավունքների ճգնաժամի։
Մարդիկ և մարդկանց իրավունքները պետք է լինեն ցանկացած գործողության կենտրոնում։ Մարդու իրավունքների համակարգը ներառում է բոլորին և երաշխավորում է, որ ոչ մեկը դուրս չմնա այդ համակարգից։ Մարդու իրավունքների սկզբունքի ներգրավումը կարող է օգնել հաղթահարել համավարակը՝ շեշտը դնելով առողջապահության հասանելիության խնդրի վրա։
Այժմ մենք ականատեսն ենք այն բանի, թե ինչպիսի ազդեցություն է ունենում վարակը տարբեր համայնքների, ատելության խոսքի վրա, ինչպես են թիրախավորվում խոցելի խմբերը, և անվտանգությանն ուղղված խիստ միջոցառումները խոչընդոտում են առողջապահական համակարգի աշխատանքին։
Աճող ազգայնականության, պոպուլիզմի, ավտորիտարիզմի որոշ երկրներում մարդու իրավունքների սկզբունքներից նահանջի ֆոնին այդ ճգնաժամը կարող է նախապայմաններ ապահովել այնպիսի ռեպրեսիվ միջոցառումների ընդունման համար, որոնք որևէ առնչություն չունեն վարակի հետ։ Սա անընդունելի է։
Հիմա, առավել քան երբևէ, կառավարությունները պետք է գործեն թափանցիկ, պատասխանատու ու հաշվետու։ Քաղացիների և մամուլի ազատությունը կենսական են։ Քաղաքացիական կազմակերպություններն ու մասնավոր հատվածը ունեն կարևորագույն դերակատարում այս գործընթացում։
Եվ ինչ էլ որ ձեռնարկենք, եկեք երբեք չմոռանանք՝ վտանգավոր է վարակը, և ոչ մարդիկ։
Մենք պետք է երաշխավորենք, որ արտակարգ միջոցառումները՝ ներառյալ արտակարգ դրությունը, օրինական են, համաչափ, անհրաժեշտ և ոչ խտրական, ունեն հատուկ ուղղվածություն և տևողություն, ունեն նվազագույն ներխուժում մարդկանց կյանքի մեջ, և հենց այնքան են, որքան անհրաժեշտ է հանրային առողջապահության պահպանման համար։
Վարակին արձագանքնման լավագուն պատասխանը առկա վտանգներին համաչափ արձագանքելն է՝ միաժամանակ պաշտպանելով մարդու իրավունքներն ու օրենքի գերակայությունը։
Վերականգնումը պետք է նաև ապահովի ապագա սերունդների իրավունքների պաշտպանությունը, ուժեղացնի շրջակա միջավայրի ու կենսաբազմազանության պահպանմանն ուղղված միջոցառումները։ Սրանք մեր բոլորիս խնդիրներն են։
Վարակը վտանգավոր է բոլորի համար։ Մարդու իրավունքները պաշտպանում են բոլորին»։
Աղբյուրը՝ un.org:
Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի