armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը մատնանշեց արտակարգ դրության պայմաններում կառավարության սոցիալական աջակցության ծրագրերում նկատած որոշ թերություններ:
Պատգամավորն այս մասին խոսեց ԱԺ ապրիլի 22-ի նիստում:
«Քաղաքացիներն այդ խնդիրներով պարբերաբար դիմում են մեզ: Օրինակ՝ սոցիալական նույն կարգավիճակում գտնվող տարբեր ընտանիքների տարբեր քաղաքացիներ ծրագրերին դիմում են, մեկին աջակցություն հասնում է, մյուսին՝ ոչ: Դիմում են քաղաքացիներ հետևյալ խնդրով՝ ունեն 3 և ավելի երեխա, սակայն, օրինակ, 2 երեխայի դեպքում ծրագիրը հաստատում է աջակցությունը, իսկ մյուսների համար՝ ոչ»,-ասաց նա:
Պատգամավորը նկատեց, որ սոցիալական աջակցության ծրագրերի հանրայնացման խնդիր ևս կա: «Ուզում եմ կառավարությունը հատուկ ուշարդություն դարձնի մեր հասարակության շատ լայն շերտերին այս ծրագրերն ավելի մատչելի, հասանելի դարձնելուն: Հանրային հեռուստաընկերությունն է միայն լուսաբանում դա, այն էլ շատ բարդ ձևով, և քաղաքացիները հիմնականում չեն կարողանում լիարժեք հասկանալ, թե ինչպես պետք է դիմել աջակցության ծրագրերին»,-ասաց նա ու առաջարկեց, որ կառավարության աջակցությամբ մյուս հեռուստաընկերությունները ևս մասնակցեն գործընթացին:
Կոստանյանը նաև նշեց, որ սոցիալական աջակցության համայնքային կենտրոնները կամ գործում են ոչ լիարժեք, կամ չեն գործում: Նրա խոսքով՝ քաղաքացիներին, որոնք զանգահարում են որևէ հարցով տեղեկատվություն ստանալու համար, կամ չեն տրամադրում ԼՀԿ-ի գրասենյակի համարը, կամ տալիս են: «Մենք դեմ չենք, որ քաղաքացիները մեզ դիմում են, մենք մեծ սիրով տրամադրում ենք տեղեկատվական օժանդակությունը: Սակայն լավ կլիներ, որ դա արվեր միասնական ձևով և ավելի համակարգված»,-ասաց պատգամավորը: