hetq.am: Մոտ օրերս Մոսկվայից հատուկ չվերթ կլինի Հայաստան։ Այս մասին հայտնեց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։
Սակայն թե հստակ որ օրն է լինելու հատուկ չվերթը, դեռևս հայտնի չէ։ Մանե Գևորգյանն ընդգծեց, որ թռիչքի նախապատրաստման աշխատանքներ են ընթանում։
Մեկ շաբաթից ավելի է` մի քանի տասնյակ հայեր գտնվում են Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում՝ սպասելով դեպի Հայաստան հատուկ չվերթին։ Նրանք հրաժարվում են Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանության հատկացրած հյուրանոցից և սննդից։
«Հետքին» այսօր կրկին դիմել են «Դոմոդեդովո» օդանավակայանում մնացած հայերը։
Նրանցից Արմեն Մարկոսյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ այս պահին օդանավակայանում 100-ից ավել հայեր կան, որոնց մեծ մասը գիշերում է օդանավակայանում։ Ասաց՝ իրենց զանգերին ի պատասխան դեսպանությունից չեն հայտնում, թե երբ է լինելու դեպի Հայաստան հատուկ չվերթը։ «Եթե չվերթ չի լինելու, մեզ այստեղ պետք է այսպես պահեն, ավելի լավ է ասեն՝ չի լինելու, մենք մեր գլխի ճարը տեսնենք»,-նշում է Արմեն Մարկոսյանը։
Օդանավակայնում մնացածներից շատերը Հայաստանից Ռուսաստան մեկնած արտագնա աշխատողներն են։