armenpress.am: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարված արտակարգ դրության ընթացքում սերտորեն համագործակցում է Առողջապահության նախարարության, Ոստիկանության և այլ պետական կառույցների հետ։
Այս մասին մամուլի ասուլիսին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը։
«ԱԻՆ-ը սերտորեն համագործակցում է պետական այլ գերատեսչությունների հետ։ Մենք 24 ժամ կապի մեջ ենք Առողջապահության նախարարության և Ոստիկանության հետ։ ԱԻՆ-ի փրկարար ծառայության 130 փրկարար, ոստիկանության հետ համատեղ, այս պահին իրականացնում են շրջիկ ծառայություն. Երևանում և Սյունիքի մարզում 20-ական փրկարար ծառայող, մյուս մարզերում՝ 10-ական»,- նշեց Հարությունյանը։
Նա տեղեկացրեց, որ ԱԻՆ ՓԾ 25 փրկարար գործուղվել է Կառավարություն՝ թեժ գծի տեղեկատվական կենտրոնի աշխատանքներին մասնակցելու։ ԱԻՆ ՓԾ բուժվարչության 14 ծառայող գործուղվել է Առողջապահության նախարարության թեժ գծի աշխատանքներին մասնակցելու համար։
«Ողջ հանրապետությունում հանրային տարածքներում, բացառությամբ կանգառների, մեր գերատեսչության կողմից իրականացվում են վարակազերծման աշխատանքներ։ Մինչ այս պահը կատարվել է վարակազերծման 7376 վարակազերծման աշխատանք»,- ասաց ԱԻՆ նախարարի տեղակալը։