Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արայիկ Հարությունյանին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին։ Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։ Վարչապետի ուղերձում մասնավորապես ասվում է հետևյալը․

«Մեծարգո պարոն Հարությունյան,

Իմ և Հայաստանի Հանրապետության կառավարության անունից շնորհավորում եմ Ձեզ Արցախի Հանրապետության Նախագահ ընտրվելու առիթով։

Տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրություններում Արցախի ժողովուրդն արտահայտեց իր քաղաքական կամքը՝ իրացնելով մրցակցային ընտրությունների միջոցով պետական կառավարման մարմիններ ձևավորելու իր անքակտելի իրավունքը:

Արցախի ժողովուրդը մեկ անգամ ևս հաստատեց իր հողի վրա ապրելու, ինքնակազմակերպվելու, աշխատելու և արարելու իր աննկուն կամքը: Մեկ անգամ ևս ապացուցվեց, որ Արցախն անկախ և ժողովրդավարական պետություն է՝ իր կայացած ինստիտուտներով և հասուն քաղաքացիական հասարակությամբ:

Արցախի Հանրապետության մեծարգո նորընտիր Նախագահ,

Դուք ստացել եք Արցախի ժողովրդի մանդատը՝ ամրապնդելու Արցախի անվտանգությունը, զարգացնելու տնտեսությունը և կառուցելու ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վրա հիմնված հասարակություն:

Այս նպատակին հասնելու համար Դուք որդեգրել եք պետական կառավարման համակարգի, տնտեսական, քաղաքական, դատաիրավական, հանրային կյանքի այլ ոլորտներում խորը և համակարգված բարեփոխումներ իրականացնելու օրակարգ՝ և այս գործընթացում կարող եք հույս դնել Հայաստանի կառավարութան և անձամբ իմ աջակցության վրա։

Ձեզ և Արցախի հերոսական ժողովրդին մաղթում եմ հաջողություն, բազմաթիվ ձեռքբերումներ, որին համոզված եմ՝ կկարողանանք հասնել մեր լավագույն ջանքերը մեկտեղելով»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով