COVID-19. ՌԴ-ում և Իսպանիայում մեկ օրում 3 հազարից ավելի նոր դեպք է գրանցվել. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 017 հազար 810 մարդ: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 128 հազարը: Ապաքինվել է 492 հազար 115 մարդ:

Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 614 հազար 246 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 26 հազար 064 է: Այս ցուցանիշով ԱՄՆ-ն առաջինն է դարձել աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 177 հազար 633 է: Այստեղ մեկ օրում գրանցվել է 3 հազարից ավելի վարակվածության նոր դեպք: Մահացության ցուցանիշը 18 հազար 579 է:

Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 162 հազար 488 է: Վարակից մահացել է 21 հազար 067 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 143 հազար 303 հաստատված դեպք, մահացել է 15 հազար 729 մարդ: Վարակվածության ցուցանիշով Ֆրանսիային հաջորդում է Գերմանիան, որտեղ 132 հազար 210 հաստատված դեպք կա, մահացել է 3 հազար 495 մարդ: Գերմանիային հաջորդում է Մեծ Բրիտանիան՝ շրջանցելով վարակի ծագման երկիր Չինաստանին: Մեծ Բրիտանիայում կա 93 հազար 873 հաստատված դեպք, մահացության ցուցանիշը կազմում է 12 հազար 107:

Չինաստանն առանձնանում է 82 հազար 295 ընդհանուր, 46 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 3 հազար 342 մարդ։ Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 76 հազար 389: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 հազար 777 մարդ: Թուրքիայում վարակվածների թիվը 65 հազար 111 է, Բելգիայում՝ 33 հազար 573 է, Նիդերլանդներում՝ 28 հազար 153 է, Կանադայում՝ 27 հազար 063 է, Շվեյցարիայում՝ 26 հազար 336 է:

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 306 դեպք կա, Ռուսաստանում` 24 հազար 490: Այստեղ ևս մեկ օրում 3 հազարից ավելի վարակվածության նոր դեպք է գրանցվել: ՌԴ-ում մահացել է 198 մարդ:

Արաբական երկրներից Միացյալ Էմիրություններում վարակվածների թիվը կազմում է 4 հազար 933, այստեղ գրանցվել է մահացության 28 դեպք: Կատարում կորոնավիրուսով վարակվել է 3 հազար 711 մարդ: Վարակից մահվան 7 դեպք է արձանագրվել: Արաբական վերը նշված երկրների համեմատ մահացության ցուցանիշը բարձր է Եգիպտոսում, այստեղ 178 մարդ է մահացել, սակայն ցածր է վարակվածության թիվը: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը կազմում է 2350: Իրաքում վարակվածների թիվը 1400 է, մահացության ցուցանիշը 78 է: Քուվեյթում գրանցվել է մահացության 3 դեպք, վարակվածության՝ 1405:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը:

Թրամփը հանձնարարել է կասեցնել ԱՀԿ ուղղվող վճարումները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է կասեցնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության բյուջե ուղղվող վճարումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, BBC-ն տեղեկացնում է, որ Թրամփի կարծիքով, կորոնավիրուսի դեմ պայքարում ԱՀԿ-ն արդյունավետ չի գործել:«Իրականությունը հետևյալն է. ԱՀԿ-ն բավարար չափով չի ստացել, չի ստուգել, ժամանակին չի տարածել անհրաժեշտ տեղեկատվությունը: Աշխարհն ակնկալում է, որ ԱՀԿ-ն կաշխատի երկրների հետ այնպես, որ միջազգային առողջապահական սպառնալիքների մասին ճշգրիտ տեղեկատվությունը տարածվի ժամանակին»,-նշել է նա: Թրամփը գտնում է, որ ԱՀԿ-ն իր պարտավորությունները չի կատարել և պետք է պատասխանատվություն կրի: ԱՄՆ նախագահը դադարեցնում է ֆինանսավորումը, քանի դեռ չի պարզվել, թե որն է Առողջապահության համաշխարհային կազմակերպության դերը իրադարձություններում, որոնք բերեցին վարակի տարածմանն ամբողջ աշխարհում՝ Չինաստանի սահմաններից դուրս: ԱՄՆ-ն ԱՀԿ-ի ֆինանսավորման խոշոր աղբյուրն է: Միայն նախորդ տարի ԱՄՆ-ի ներդրումը կազմել է 400 միլիոն դոլար՝ կամ կազմակերպության բյուջեի 15 տոկոսը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ հիմա կորոնավիրուսի դեմ պայքարող ԱՀԿ-ի, ինչպես նաև ցանկացած հումանիտար կազմակերպության ֆինանսավորումը դադարեցնելու ժամանակը չէ:

«Հիմա վարակի տարածումը կանխելու, հետևանքները վերացնելու համար միասնականության և միջազգային հանրության համատեղ աշխատանքի ժամանակն է»,-ասել է Գուտերեշը:

Պոմպեոն կորոնավիրուսի հետ կապված ԱՀԿ-ի աշխատանքը բավարար չի համարում

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի հետ կապված իր աշխատանքը չի կատարել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մեզ պետք են հարցերի պատասխաններ, մեզ անհրաժեշտ է թափանցիկություն…, մեզ պետք է, որ ԱՀԿ-ն իրականացնի իր աշխատանքը, գործառույթը, որպեսզի աշխարհը ժամանակին ունենա ճշգրիտ, արդյունավետ, վստահելի տեղեկատվություն այն մասին, թե գլոբալ առումով ինչ է կատարվում առողջապահության ոլորտում»,-ասել է Պոմպեոն:

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելի քան 614 հազար է, մահացածներինը՝ 26 հազարից ավելի:

ԱՀԿ-ի ֆինանսավորումը դադարեցնելու ԱՄՆ-ի որոշումը ԵՄ-ն անհիմն է համարում

Եվրամիությունը հիմնավորված չի համարում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսավորումը դադարեցնելու մասին ԱՄՆ-ի որոշումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով գլխավոր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

«Ցավում եմ, որ ԱՄՆ-ն դադարեցրել է ԱՀԿ-ի ֆինանսավորումը: Ոչ մի հիմք չկա այդ քայլն արդարացնելու այն փուլում, երբ նրա ջանքերն անհրաժեշտ են ավելի, քան երբևէ»,-ասել է նա: Բորելն ընդգծել է, որ ջանքերը համադրելու պարագայում մենք կարող ենք հաղթահարել այս ճգնաժամը, որը չգիտի սահմաններ:

Համավարակ. Նոր Զելանդիայում նախարարների աշխատավարձը 20 տոկոսով կկրճատվի

Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը հայտարարել է, որ իր և կառավարության մյուս անդամների, պետական ծառայողական մարմինների ղեկավարների աշխատավարձերը կես տարի կկրճատվեն 20 տոկոսով: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ դա պայմանավորված է կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակով: «Ես այսօր կարող եմ հաստատել, որ ես, նախարարները, պետական ծառայողական մարմինների ղեկավարները գնում ենք առաջիկա վեց ամսվա ընթացքում աշխատավարձի 20 տոկոսի կրճատման»,-ասել է վարչապետը: Իշխանությունները նման որոշում են կայացրել, քանի որ երկրում նորզելանդացիները կորցնում են իրենց աշխատանքը, կրճատվում են աշխատավարձերը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով