1lurer.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կորոնավիրուսի համավարակի ֆոնին մինչև մայիսի 11-ը երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը: Այս մասին Ֆրանսիայի առաջնորդը հայտարարել է ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում: Փոխանցում է РИА Новости-ն:
«Ֆրանսիայում մի շարք հիվանդանոցներ լեփ-լեցուն են, ուստի մենք պետք է շարունակենք մեր ջանքերն ու պահպանենք սահմանված կանոնները: Արտակարգ դրության ընթացքում սահմանված խիստ միջոցներն ու փակ սահմանները կպահպանվեն մինչև մայիսի 11-ը»,- ասել է Մակրոնը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով փակվել են սրճարանները, ռեստորանները, կինոթատրոնները, ոչ մթերային խանութները: Մարտի 17-ից խիստ վերահսկվում է մարդկանց տեղաշարժը: Վերջին տվյալների համաձայն՝ Ֆրանսիայում գրանցվել է վարակման 98 076 դեպք, մահացել է 14 967 մարդ: