civilnet.am: Կառավարության այսօրվա արտահերթ նիստում որոշում կայացվեց մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգել 30 օրով՝ ապրիլի 14-ի ժամը 17:00-ից մինչև մայիսի 14-ը, ժամը 17:00-ն ներառյալ: Նախագիծը պետք է դրվի Ազգային ժողովի արտահերթ նիստի հաստատմանը։
Հարցը զեկուցեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, որը նկատեց՝ արտակարգ դրությունը երկարացնելու առումով իրավաչափության խնդիր չկա։ «Նախագծով, որով արտակարգ դրությունը երկարաձգվելու է մինչև մայիսի 16-ը, որոշակի մեղմացումներ են նախատեսվում, այդ թվում՝ ԶԼՄ-ների նկատմամբ սահմանափակումների մասով։ Բացի այդ, ԴԱՀԿ-ն արգելանքներ չի կիրառի կարմիր գծերի և երթևեկության խախտումների համար արտակարգ դրության ժամանակ», – ասաց նախարարը։
Այունհետև հարցին անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այս պահին Հայաստանում վարակի տարածման հետ կապված անկառավարելի իրավիճակ չկա:
«Բայց կարծում եմ, որ բոլորս պետք է արձանագրենք մի շատ կարևոր ռիսկ, որի առաջ մենք գտնվում ենք: Պարետատան որոշմամբ ապրիլի 13-ից թույլատրելի տնտեսական գործունեության շրջանակն ընդլայնվել է: Սա արվել է մի քանի նկատառումներով: Սոցիալ-տնտեսական կյանքն էլ ավելի չբարդացնելու նպատակով»,- ասաց Փաշինյանը՝ նկատելով, որ սա բերելու է վարակակիրների թվի ավելացման ռիսկի:
«Սա տեղի կունենա, եթե մեր համաքաղաքացիները նախ իրենք խստորեն չպահպանեն առողջապահության նախարարության ցուցումներն ու անվտանգության կանոնները: Եթե այդ կանոնները ճշգրիտ պահվեն, վարակվելու հավանականությունն էապես կնվազի»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ արտակարգ դրության ռեժիմը պետք է պահել, որպեսզի պարետատունն օպերատիվ արձագանքելու հնարավորություն ունենա:
Վարչապետը նաև նշեց, որ ընդհանրապես վերացվում են ԶԼՄ-ների նկատմամբ նախկինում կիրառված սահմանափակումները: «Պայմանով, որ մենք մոնիտորինգ կիրականացնենք՝ հասկանալու համար՝ որքանով են մամուլն ու հանրությունը կարողացել ադապտացվել լրատվական պատեհ քաղաքականությանը: Եթե հանկարծ ռիսկեր առաջանան, ապա կառավարության որոշման մեջ փոփոխություններ կիրականացնեն, և վերջին գործող ռեժիմը կվերականգնենք»,- ասաց նա՝ հավելելով, որ ԴԱՀԿ-ն արտակարգ դրության ռեժիմի ժամանակ երթևեկության և կայանտեղիների հետ կապաված գործերով արգելանքներ չի իրականացնի:
«Հետագայում, արտակարգ դրության վերացումից հետո, այդ վարույթները կշարունակվեն»,- ասաց նա:
Արտակարգ դրության ժամկերի երկարաձգման նախագիծն այսօր քննարկվելու է Ազգաին ժողովում: