armenpress.am: Եվրոպական որոշ երկրներ հետզհետե հանդես են գալիս կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար սահմանված կարանտինի ռեժիմը մեղմելու տեսանկյունից: Թեպետ, Եվրոպայում վարակվածության ցուցանիշը բարձր է, սակայն որոշ երկրներում արդեն հնչում են հայտարարություններ կարանտինի պայմանները թուլացելու համար, ընդ որում, յուրաքանչյուրը տարբեր մոտեցումներով: Մասնավորապես, Դանիան նախատեսում է բացել դպրոցները:
Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսեն օրերս նշեց, որ նախատեսում են մանկապարտեզներն ու տարրական դասարանի դպրոցները բացել ապրիլի 15-ից: Նշվում է, որ առողջապահության ոլորտի մասնագետների պնդմամբ, դա խելամիտ և արդարացված որոշում է: Դանիան չի շտապում բացել ժամանցի վայրեը, ռեստորանները, վարսավիրանոցները, մերսման սրահները, առևտրի կենտրոնները: Դրանք առայժմ կմնան փակ:
Հյուրանոցները, ռեստորանները փակ կմնան մինչև մայիսի կեսերը, բոլոր զանգվածային միջոցառումները հետաձգվել են մինչև հունիսի վերջ:
Ըստ մշակվող նախագծի՝ կրթական հաստատությունների բացումը կլինի ըստ տարածքների: Այսինքն՝ որոշումները կընդունվեն տեղական մակարդակով՝ կախված իրավիճակից: Հաջորդ փուլում նախանշվում է խանութների, այնուհետև ռեստորանների բացումը: